Հնչյուն բարբառոյ. ինչու «Շորն ու Շորշորը» դարձավ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը (տեսանյութ, ֆոտոշարք)

18:51 • 11.07.12

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը արդեն 9-րդ տարին շարունակ ստանձնել է հայաստանցի հանդիսատեսին բարձրարժեք կինոարտադրանք ներկայացնելու առաքելությունը. արդյունքները հնարավոր չէ թերագնահատել՝ թեկուզ կինոթատրոն հաճախելիության աշխուժացման առումով: Այս առումով ամեն բան, կարելի է ասել, սկսվում է փառատոնի բացման ֆիլմերից:


Այս տարի «Ոսկե ծիրանը» մեկնարկեց հայկական առաջին կատակերգությամբ՝ Համո Բեկնազարյանի «Շոր և Շորշոր» ֆիլմով (կարծում եմ՝ առավել ճիշտ կլինի բնագրային «Шор и Шоршор» ռուսերեն վերնագիրը հայերեն, այնուամենայնիվ, թարգմանել «Շորը և Շորշորը», չնայած ֆիլմի վերնագրային տարբերակներից առավել հայեցի և ֆիլմի տրամաբանությանը համապատասխան է թվում «Շորն ու Շորշորը»):


Ի սկզբանե ասված էր, որ հենց այդ ֆիլմն է ընտրվել՝ նշանավորելու Երևանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելը: «Ոսկե ծիրանը», նույն առիթով, հատուկ մի ամբողջ նոր ծրագիր է սահմանել՝ «Գիրքը և կինոն», որի շրջանակներում աշխարհահռչակ գրական գործերի մի քանի հաջող էկրանավորումներ են ցուցադրվում այս օրերին: Իսկ մեկնարկը տրվեց հայկական գրական գործի հայկական էկրանավորումով. «Շորն ու Շորշորի» հիմքում հայ երգիծաբան ու լրագրող Մուշեղ Բագրատունու համանուն պատմվածքն է:


Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հանդիսավարը՝ ֆրանսահայ արվեստագետ Ժերար Փափազյանը համր ֆիլմի ցուցադրումը փորձեց կապել ժամանակակից կինոմիտման հետ՝ ասելով, որ «կինոն շատ խոսք չի սիրում, իսկ առանց բառերի ֆիլմի համար նույնիսկ կարող են «Օսկար» տալ» (նկատի ունենալով այս տարի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին արժանացած «Արտիստը» ֆիլմը):


Նշված բոլոր մոտեցումներով հանդերձ՝ «Ոսկե ծիրանը», թվում է, շատ ավելին է արել, իրականում՝ հենց այս կինոնկարն ընտրելով բացման ֆիլմ: Նախ, պետք է կարծել, որ սա լավագույն PR-ն էր որ կարելի էր անել հայկական կինոյին միջազգային փառատոնի տասնյակ արտասահմանցի հյուրերի առաջ՝ ներկայացնելով 1926թ-ի ֆիլմ, որը արդարացնում է մեր երկրի կինոհավակնությունները՝ գոնե պատմականորեն: Գուցե ակամա, բայց կարևոր էր նաև ընտրված «աղերսը», որը «մերը» պետք է կապեր «նրանցին»: Խոսքը անիմացիոն Չարլի Չապլինի մասին է, որը «Ոսկե ծիրանի» բացման տեսանյութերում չարաճճի ձևով փառատոնի պաստառներն է փակցնում: Այնուհետև կինոյի ամենալեգենդար բեղերով մարդուն փոխարինում են մեր բեղերով մարդիկ՝ ի դեպ նրա ժամանակակիցները ու ինչ-որ տեղ նաև փառքակիցները՝ ի դեմս «Շորն ու Շորշորի» գլխավոր դերակատարներ Համբարձում Խաչանյանի և Արամ Ամիրբեկյանի:


«Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի ցուցադրությունը արդարացնում, իմաստավորում է նաև դրա դիմաց տեղադրված Համո Բեկնազարյանի աստղը (ի դեպ, ևս «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ). և դա ոչ միայն խորհրդանշական կարևորություն ունի: Բեկնազարյանի, հայկական կինոժառանգությանը՝ նոր շունչ է հաղորդվել՝ ու նաև ձայն, հնչյուն՝ ասես իր մասին ավելի բարձր հայտարարելու համար:

 

Կենցաղային կատակերգություն համարվող համր «Շորն ու Շորշորի» «Ոսկե ծիրանի» բացման ցուցադրությունը առավել քան հնչեղ էր՝ բառի բուն իմաստով. ֆիլմը ցուցադրվեց կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի երաժշտական ձևավորմամբ:

 

Հայրապետյանը, Tert.am-ի հետ զրույցում, հայտնեց, որ երաժշտական երկը ստեղծվել է «Ոսկե ծիրանի» պատվերով՝ հատուկ այս (փաստորեն՝ ընդամենը մեկ) ցուցադրության համար: Կոմպոզիտորի խոսքով ինքն աշխատանքը իրականացրել է 3 շաբաթների ընթացքում:


Ըստ կոմպոզիտորի՝ իր աշխատանքում մեծ տեղ է վերապահված իմպրովիզին: Իմպրովիզը հենց այն է, ինչը բնութագրական էր Բեկնազարյանի աշխատելաոճի համար՝ 9 տասնամյակ առաջ: Հայտնի է, որ Բեկնազարյանը «Շորն ու Շորշորի» սցենարը գրել է 1 գիշերում, նկարահանել ու մոնտաժել 11 օրում, իսկ նկարահանման հրապարակում թե ռեժիսորը, թե դերասանները բազմաթիվ իմպրովիզներ են թույլ տվել իրենց:


Ուրախալի է, սակայն, որ Հայրապետյանը հիմնականում խուսափել է նույնականություն դրսևորել նաև Բեկնազարյանի օպուսին վերագրվող էթնիկ կողմի հետ: Ժամանակակից դիտարկումները գուցե թույլ տան «Շորն ու Շորշորի» համար սահմանված «ազգային կատակերգության» բնորոշումից անդին դիտարկել այս աշխատանքը: Չէ՞ որ այս աշխատանքը ակնհայտորեն կրում է արտասահմանյան էքսցենտրիկ կոմեդիայի կնքիը, մասնավորապես՝ դանիացի Պատ և Պատաշոտ դուետի: Ի դեպ, պատահական չէ, որ «Շորն ու Շորշորի» վարձութային վերնագրերից մեկը հնչել է այսպես. «Հայկական Պատն ու Պատաշոտը»: Զուտ հերոսների արտաքին նմանություններից բացի, արտասահմանյան կատակերգությունից հայկական «Շորն ու Շորշոր» է ներմուծված հնարքների կիրառումը (պատահական չէ, որ «Շորն ու Շորշորը» բնութագրվում է նաև որպես «հնարքային, տրյուկային կատակերգություն»): Հատկապես էքսցենտրիկ է Համբարձում Խաչանյանի (Շորի դերակատարի) մաներան: Ինչպես նկատվում է քննախոսականներից մեկում. «Շորը շատ ծիծաղելի է, սակայն նա ավելի շատ կրկեսային էքսցենտրիկ է, քան հայ գյուղացի»:

Առաջին ազգային կատակերգության «վերազգային» դիտարկմանը գուցե նպաստի նաև Հայրապետյանի աշխատանքը:

Նախքան ցուցադրությունը մտավախություն կար, թե չափազանց էթնիկ կարող է ստացված լինել Հայրապետյանի «հնչյունավորումը», սակայն ի պատիվ կոմպոզիտորի պետք է ասել, որ նա դրանից հիմնականում խուսափել է. ֆիլմի չափ էթնիկ չլինելով հանդերձ, հնչյունային ձևավորումը հոգեհարազատ է ֆիլմի բուն ոգուն և անգամ նոր կողմեր է օգնում բացահայտել. շատ հետաքրքրական է, որ կուլմինացիոն պահին հանդիսատեսը սկսեց երաժշտության ռիթմով ծափահարել, փոխարենը զուսպ էր, օրինակ, խորովածի տեսարանում: Առհասարակ հանդիսատեսի ռեակցիան ավելին է ասում այն մասին, թե 2012-ի ամառային երեկոյին իրականում ինչ ֆենոմենալ մշակութային երևույթի կամ էքսպերիմենտի էին ականատես «Ոսկե ծիրանի» հյուրերն այդ երեկո, երբ դիտում էին 1926թ-ի ֆիլմը:


Երաժշտական կողմը՝ իր լեյթմոտիվներով, ընդգծում են այն, ինչ կարելի է անվանել «ռեժիսորական սևեռուն պատկերներ»: «Շորն ու Շորշորը»-Բեկնազարյան դեպքում նման «սևեռուն պատկերներ» են հորոսների՝ հեղուկով լեցուն «փոսերի» մեջ ընկնելը՝ ջրափոսերից մինչև գինու կարաս: Կարասի տեսարանում կախված հերոսների ձեռքերի «մնջախաղային» զարգացումը, թվում է, ֆիլմի ամենաէսթետիկ տեսարաններից է ժամանակակից հանդիսատեսի համար:

Հետաքրքրական է չարքերի և սատանայի հայտնությունն առհասարակ և նրանց արտաքին տեսքը, մատուցման էսթետիկան. ի տարբերություն ֆիլմի բոլոր գլխավոր հերոսների, որոնք բեղավոր են, սատանան ու չարքերը սափրված են: Պետք է կարծել, որ սա սատանայի կինոհայտնության ամենատպավորիչ դրվագներից է հին կինոյում՝ և ոչ միայն հայկական: Եվ անշուշտ էլի կապված է Բեկնազարյանի ընկալումների հետ. իր հուշերում ռեժիսորը պատմում է, թե ինչպես Երևանում առաջին «իլյուզիոնի» (կինոցուցադրության) ժամանակ, որին ինքը կարծես ներկա է եղե որպես հանդիսատես, մի կին ահավոր ապրումների մեջ է ընկել և բոլոր ներկաներին փորձել է ապացուցել, որ այն ինչ իրենք տեսնում են Ազրայիլի ձեռքի գործն է:


Առհասարակ, համր ֆիլմի հնչյունային տարբերակը՝ «թարմ դիտումը» նաև բացահայտումների հնարավորություն է ընձեռում:


Հետաքրքրական էր պարզել «Շորն ու Շորշորի» մի շարք առնչություններըր ժամանակակից իրականության երևույթներին. հասկանալի է դառնում, օրինակ, թե որտեղ է պետք փնտրել մեր արական «հումորային դուետների» ակունքները. Շորն ու Շորշորը, ակնհայտորեն մեր հեռուստատեսային դուետների արքետիպային նախնիներն են: Նրանք էլ՝ ի դեմս դերակատարներ Արամ Ամիրբեկյանի և Համբարձում Խաչանյանի (որն այսօր անշուշտ կկոչվեր «Արամո և Համբո»), շահագործել են իրենց ամպլուան, բայց կարծես, թե ավելի լուրջ արդյունքների են հասել, կրկին ի տարբերություն ժամանակակից կատակերգական դուետների: «Շոր-Շորշորի դուետը» հանդես է եկել նաև 1931-ի «Մեքսիկացի դիվանագետներ» ֆիլմում. վերջինս համարվում է բոլոր ժամանակների 10 ամենահաջող հայկական ֆիլմերից մեկը: Ի դեպ, մինչ օրս թյուրիմացաբար «Շորն ու Շորշորի» մասին նյութերը պատկերավորվում են մի լուսանկարով, որը իրականում «Մեքսիկացի դիվանագետներից» է: Ֆիլմի ժամանակակից քննությունը թույլ կտա շտկել ոչ միայն սա:


Ի վերջո, ինչպես մեդալն ունի երկու երես, այնպես էլ, հայկական կինոյի այս նշանային գործը՝ «այցեքարտ»՝ իր պաստառների տեսքով: Կա «Շորն ու Շորշորի» ավանդական սև-սպիտակ պաստառը: Կա նաև խորհրդային կինոպաստառի վարպետներ Սթեյնբերգ եղբայրների՝ 1929-ին ստեղծածը: Եվ եթե ավանդական պաստառի ոգուն համահունչ է հետևյալ ավանդական սինոփսիսը, թե ««Շորն ու Շորշորը» երկու անբան հարբեցողների արկածներն են», ապա իր ժամանակի համար (և նույնիսկ՝ հիմա) շատ մոդեռն դիտվող Սթեյնբերգների պաստառին սազական կլիներ թերևս մի նոր սինոփսիս: Դա կարող էր հնչել արդեն, օրինակ, այսպես. «Ֆիլմ այն մասին, թե ինչպես են ծանակվում հայերի նախապաշարմունքները»: Ի դեպ, ամենամեծ հնարավորությունը, որ կտա «Շորն ու Շորշորը» ժամանակակից հանդիսատեսին, եկեղեցու ավանդական դերի վերանայումն է: Ոչ պակաս առատ նյութ է տալիս «Շորն ու Շորշորը»՝ ի դեմս Եղսոյի՝ Շորի կնոջ դերակատարուհի Նինա Մանուչարյանի, կինոյում կին հերոսների դերի վերանայման կտրվածքով: Եվ առհասարակ, «Շորն ու Շորշորը» զարմանալիորեն «բազմամարդ» ու բազմադեմ կինոնկար է, քան ընդունված է կարծել՝ վերնագրի բերումով: