Մբապեի արտահայտությունից հետո «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

22:13 • 28.10.26

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ ներողություն է խնդրել չինացի ժողովրդից՝ թիմի հարձակվող Կիլիան Մբապեի սկանդալային արտահայտության համար։

Ավելի վաղ ֆրանսիացի աստղը հարցազրույցներից մեկում պատմել էր համացանցային մի մեմի մասին, որտեղ իր դեմքը տեղադրված է եղել Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի նկարի վրա։ Մբապեն նկարում պատկերված գործչին անվանել էր «չինացի բռնապետ»։

Ֆուտբոլիստի այս խոսքերը բուռն դժգոհության ալիք են բարձրացրել Չինաստանում և լուրջ հետևանքներ ունեցել. երկրի պետական հեռուստատեսությունը դադարեցրել է Իսպանիայի առաջնության խաղերի հեռարձակումը, իսկ չինական մի քանի խոշոր ընկերություններ անմիջապես խզել են գովազդային պայմանագրերը Մբապեի հետ։

Ստեղծված իրավիճակը մեղմելու համար հոկտեմբերի 27-ին նախ հենց ինքը՝ Մբապեն էր հրապարակային ներողություն խնդրել՝ իր ձևակերպումն անվանելով «անհաջող» և ընդունելով, որ այն վիրավորել է չինացիների զգացմունքները։ Այժմ արդեն իր ֆուտբոլիստին է միացել նաև «արքայական» ակումբը։

«Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ներողություն խնդրել չինացի ժողովրդից այն անհանգստության համար, որը կարող էին պատճառել մեր խաղացող Կիլիան Մբապեի վերջին խոսքերը։ Մեր ակումբը խորը հարգանք է տածում Չինաստանի, նրա պատմության, մշակույթի ու քաղաքացիների, ինչպես նաև միլիոնավոր չինացի երկրպագուների նկատմամբ, որոնք սիրում և հիանում են «Ռեալով»։

Ակումբը միանում է Կիլիան Մբապեի հրապարակային ներողությանը, որում ֆուտբոլիստն ափսոսանք է հայտնել իր խոսքերի համար և վերահաստատել հարգանքը չինացի ժողովրդի հանդեպ։ «Ռեալը» հավատարիմ է մշակույթների միջև հարգանքի, համակեցության ու փոխըմբռնման արժեքներին և ցանկանում է շարունակել ամրապնդել բարեկամական կապերը Չինաստանի և նրա քաղաքացիների հետ»,-նշված է մադրիդյան գրանդի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`ArmSport.am