«Աէրոֆլոտ»-ը դադարեցրել է չվերթները դեպի Սիրիա
Ռուսական խոշոր ավիափոխադրող «Աէրոֆլոտ» ընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Սիրիա՝ այս երկրում արդեն երկրորդ տարին շարունակվող քաղաքացիական հակամարտության պատճառով, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ավիաընկերության ներկայացուցիչը դա պատճառաբանել է տնտեսական դրդապատճառներով:
Դեռևս հուլիսի վերջերին իրավիճակին ծանոթ մի աղբյուր նշել էր, որ ավիաընկերության թռիչքները Դամասկոս-Մոսկվա ուղղությամբ լեփ-լեցուն են, սակայն հակառակ ուղղությամբ ինքնաթիռները գրեթե դատարկ են թռչում:
Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սաիդը հայտարարել է, որ Ռուսաստանի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունը չի դադարելու և մյուս ավիաընկերությունները, այդ թվում և Syrian Air-ը, շարունակելու են գործել:
Տրանսպորտի նախարարը նաև նշել է, որ Եվրոպական Միության պատժամիջոցների շրջանակներում սիրիական ինքնաթիռներին արգելվել է վայրէջք կատարել եվրոպական օդանավակայաններում:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ եվրոպական մի շարք ավիաընկերություններ որոշում են կայացրել դեպի Սիրիա չվերթներից հրաժարվելու մասին:










