Եռաբլուրում կոգեկոչեն ԱՍԱԼԱ–ի նահատակների հիշատակը
Օգոստոսի 7-ին մի խումբ մարդիկ կայցելեն Եռաբլուր և հարգանքի տուրք կմատուցեն ԱՍԱԼԱ–ի նահատակների հիշատակին, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մխիթարյանը:
«Ամեն տարի մենք երթ ենք կազմակերպում՝ հարգանքի տուրք մատուցելու ԱՍԱԼԱ–ի նահատակներին, և այս զինյալ ազատագրական պայքարը մեր պատմության լավագույն էջերից է, որ շատ վատ է լուսաբանված մեր հանրության շրջանում: Հատկապես, պատմության դասագրքերում այս կազմակերպության անունը հիշատակված չէ»,- ասաց Արման Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ–ի կազմում» գործող «Խրիմյան հայրիկ» անձնասպանական ջոկատի մարտիկները 1982թ. օգոստոսի 7-ին ներխուժեցին Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեցին ոստիկանատան վրա և այն պայթեցրին: Արդյունքում զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ:
Ի դեպ, ասուլիսին պետք է ներկա լիներ նաև «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, սակայն վերջինս տեխնիկական պատճառներով ներկա չէր:
Ի պատասխան հարցի, թե արդյո՞ք կազմակերպության անդամները կրթության ոլորտի պատասխանատուներից հետաքրքրվել են, թե ինչու այս իրադարձությունները տեղ չեն գտել հանրակրթական դպրոցի պատմության դասագրքերում, բանախոսն ասաց.« Ոչ պաշտոնապես տարբեր պաշտոնյաների այդ մասին հարցրել եմ և տարբեր պատասխաններ կան, որ դա եղել է ահաբեկչություն, ես էլ հարցրել եմ՝«այդ դեպքում» «Նեմեսիսի» գործողություններն ինչ էին ու չեմ ստացել պատասխան»։
Բանախոսը նաև նշեց, սակայն, որ այդ կազմակերպության հանդեպ պետությունն, այնուամենայնիվ, որոշակի դիրքորոշում ունի: Եվ միայն այն, որ ԱՍԱԼԱ–ի տղաներից մի քանիսը տեղ են գտել Եռաբլուրում, ըստ Արման Մխիթարյանի հենց այս մասին է վկայում:
Անկարայի «Էսեմբողա» օդանավակայանի վրա հարձակման արդյունքում զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին:
Թուրքերը լրացուցիչ ուժեր բերեցին և օդանավակայանը շրջափակեցին: Հայկական ջոկատը պատանդ վերցրեց 250 ուղևորի, որոնց մեջ եղած ամերիկացիների ու գերմանացիների միջոցով սկսեց բանակցություններ վարել թուրքերի հետ: Գործողությունը ճնշումից հետո հրամանատար Զոհրաբ Սարգսյանը ինքնասպան եղավ, իսկ Լևոն Էքմեքչյանը կալանավորվեց և տեղափոխվեց թուրքական բանտ, որտեղ և կախաղան հանվեց՝ կտտանքներից ու խոշտանգումներից հետո:









