Չինաստանն ԱՄՆ-ին հրամայել է «ձայնը կտրել» վիճելի տարածքների հարցում

10:37 • 06.08.12

Չինական լրատվամիջոցները մեղադրել են Վաշինգտոնին Հարավչինական ծովում վիճելի տարածքների շուրջ Պեկինի վարած քաղաքականությունը քննադատելու ու այդպիսով «լարվածություն ստեղծելու» մեջ, հայտնում է Agence France-Presse-ը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն օգոստոսի 3-ին հայտարարել էր, որ Չինաստանը «սրում է լարվածությունը» տարածաշրջանում:

Վաշինգտոնի հայտարարությունը հետևել էր Չինաստանի այն հայտարարությանը, համաձայն որի` երկիրը պատրաստվում է վիճելի Վուդի կղզում (մեկ այլ անվանումը` Յունսին) Սանշա քաղաք ստեղծել: Կղզուն հավակնում են նաև Ֆիլիպիններն ու Վյետնամը:

 

Չինաստանի արտգործնախարարն էլ, ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանն ի պատասխան, օգոստոսի 4-ին խնդրել էր Միացյալ Նահանգներին հարգել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Իսկ այսօր Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցության թերթը`«Ժենմին ժիբաո»-ն, կոչ է արել Վաշինգտոնին «ձայնը կտրել»: «Ամերիկյան կողմի հայտարարությունը խառնում է ճիշտն ու սխալը, մոլորության մեջ գցում հասարակությանը, սխալ ազդանշան ուղարկում, ինչը պետք է դաժանորեն հերքվի: Մենք կարող ենք միայն բացականչել` «ձայներդ կտրե’ք»»,- գրում է թերթը:


Այսօր ԱՄՆ-ին քննադատության է ենթարկել նաև մեկ այլ չինական թերթ` «Չժունգո ժիբաո»-ն: «Փոխարենը Հարավչինական ծովում խնդիրներ ստեղծող երկրներին քննադատի, ԱՄՆ-ն վատաբանում է Չինաստանին` այս տարաձայնությունների իրական զոհին»,- գրում է թերթը:

 

Հարավչինական ծովի կղզիներին հավակնում են Չինաստանը, Ֆիլիպինները, Վյետնամը, Թայվանը, Բրունեյն ու Մալայզիան: