Ավարտվել են «Սփյուռք» ամառային դպրոց 2012-ի դասընթացները
Ազգային երգի ու պարի դասընթացների վերջին ակորդով ավարտվել են ՀՀ սփյուռքի նախարարության հիմնած «Սփյուռք» ամառային դպրոցի 2012թ. դասընթացները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
Ամփոփիչ խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը: Նա շեշտադրելով ծրագրի կարևորությունը նշել է, որ «Հայրենիք-Սփյուռք գործակցության դիտանկյունից անսահման կարևորվում է «Սփյուռք» ամառային դպրոցի հիմնադրումն ու գործունեությունը, և պատահական չէ, որ այն հանդիսանում է ՀՀ կառավարության գերակա ուղղություններից»:
ԵՊՀ պրոռեկտոր Ա.Գրիգորյանն ու ԵՊՀ մշակույթի կենտրոնի ղեկավար Կ.Դավթյանն իրենց շնորհակալությունը է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը և մասնավորապես, նախարար Հ.Հակոբյանին՝ «այսքան կարևոր և լավ մտածված ծրագիր իրագործելու», իսկ մասնակիցներին` ակտիվության համար:
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և նվերներ, իսկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի ղեկավար Կ.Դավթյանին շնորհակալագիր` ծրագրին գործուն աջակցելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի հենքի վրա ստեղծված ««Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը շարունակական է և ամենամյա:










