Հաքերները կոտրել են Reuters-ի` Twitter-ի էջը
Հաքերներն օգոստոսի 5-ին կոտրել են Reuters գործակալության` Twitter-ի էջը, որտեղ Սիրիայի մասին տեղեկություններ են տեղադրել: Ինչպես հայտնում է Reuters-ը, հաղորդագրությունները տեղադրվել են @ReutersTech հաշվում (աքաունթ), որտեղ սովորաբար հրապարակվում են տեխնոլոգիաների մասին նորություններ: Ի դեպ, հաշվի անունը փոխվել է` դառնալով @ReutersME (Reuters Մերձավոր Արևելք):
Տեղեկությունների մեծ մասը վերաբերել են սիրիացի ապստամբների կրած կորուստներին: Բացի այդ, տեղադրվել են նաև հաղորդագրություններ այն մասին, որ «իսլամիստ ահաբեկիչներին» ֆինանսավորում են ամերիկացիները, և որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանել է «Ալ Կաիդա»-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկից` հայտարարելով, որ այն այլևս վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի համար:
Հաքերները հասցրել են մոտ 20 հաղորդագրություն տեղադրել, ինչից հետո հաշիվն արգելափակվել է: Ներկայում հաշվի իրական անվանումը վերականգնվել է, սակայն հաքերների թողած հաղորդագրությունները դեռ չեն հանվել:










