ԱՄՆ-ում հայերը 19-ամյա հայի են սպանել

13:11 • 06.08.12

Միացյալ Նահանգներում 2009թ.-ին կատարված Մայք Եփրեմյանի սպանության մեջ մեղավոր է ճանաչվել երկու հայ, հայտնում է glendalenewspress.com-ը:  Լոս Անջելեսի դատարանն օգոստոսի 3-ին 19-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղավոր է ճանաչել 25-ամյա Զարեհ Մանջիկյանին ու Վահագն Ջուրյանին, իսկ գործով քննվող 20-ամյա Հովիկ Ջուրյանի ու 23-ամյա Խաթուն Վարդանյանի նկատմամբ առաջադրել հանցագործությանը մասնակցության մեղադրանք:

 

Ամեն ինչ սկսվել է Մայք Եփրեմյանի sms հաղորդագրությունից, որը նա ուղարկել էր իր ընկերուհուն` վերջինիս ընկերուհուն` Քեյթ Վարդանյանին, անվանելով «փչացած»: Դատախազի խոսքով` Վարդանյանը տեսել է հաղորդագրությունն ու բարկացած խնդրել իր եղբորը ծեծել Եփրեմյանին: 19-ամյա երիտասարդը սկսել է անանուն հեռախոսազանգեր ստանալ, սակայն մի օր զանգահարողը հայտնել է նրան, որ պետք է հանդիպել: Եփրեմյանն ու նրա ընկերները հանդիպել են 2 տղամարդու:


Դատախազի խոսքով` Ջուրյանը հարվածել է Եփրեմյանին, իսկ Մանջիկյանը հանել է ատրճանակն ու կրակել 19-ամյա երիտասարդի պարանոցին: