Իրանը Սիրիայի հարցով միջազգային հանդիպում կանցկացնի
Իրանի իշխանությունները մտադիր են Սիրիայի հարցով հանդիպում անցկացնել «իրատեսական դիրքորոշում» ունեցող երկրների հետ: Այս մասին, «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, հայտնել է իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը: Հանդիպումը կանցկացվի հինգշաբթի օրը, մայրաքաղաք Թեհրանում:
Փոխնախարարի խոսքով` հանդիպմանը կմասնակցի 10 երկիր, սակայն թե որոնք են դրանք, նա չի նշել: Սպասվում է, որ հանդիպումը կանցկացվի նախարարական մակարդակով:
«Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության` բռնությունների դադարեցումն ու ազգային երկխոսությունը Սիրիայում ճգնաժամը հսկողության տակ առնելու լավագույն լուծումն են»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին ու «այլ երկրների» սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու մեջ:










