Մադոննան ուկրաինացիներից հետաքրքրվել է «նախագահ» Տիմոշենկոյի ճակատագրով

14:56 • 06.08.12

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շաբաթ օրը կայացած համերգից առաջ, երգչուհի Մադոննան, շփվելով իր երկրպագուների հետ, հետաքրքրվել է ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ճակատագրով, հաղորդում է lenta.ru-ն` վկայակոչելով «ՍՈՒՏԿԻ» կայքէջին:


«Ճի՞շտ է, որ ձեր նախկին կին նախագահը բանտում է: Իսկ ինչո՞ւ: Կոռուպցիայի համա՞ր: Ինչպե՞ս է նրա անունը: Ջո՞ւլիա: Դուք չե՞ք ցանկանում նրա համար պայքարել: Սա կոչվում է ժողովրդավարություն»,- բեմից հարցրել է երգչուհին: Իսկ երբ նա խնդրել է իրեն փոխանցել ուկրաինական դրոշը, երկրպագուները նրան են հանձնել Ռուսաստանի «եռագույնը», որն ավելի ուշ, այնուամենայնիվ, փոխարինվել է ուկրաինականով:

 

Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն նախորդ տարի դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Նա պատիժը կրում է Խարկովի ուղղիչ գաղութում: