Նորվեգիայի բանտերի կեսը կարող է փակվել

16:47 • 06.08.12

Նորվեգիայի ուղղիչ հաստատությունների վերահսկողության ծառայությունը (Kriminalomsorgen) ծրագիր է մշակել, որով առաջարկվում է փակել բոլոր այն բանտերը, որոնց տարողությունը չի անցնում 30-ից, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Aftenposten-ին: Ծրագրի կյանքի կոչվելու դեպքում կփակվի նորվեգական 60 բանտերից 27-ը:

 

Ծառայության համաձայն` փոքր բանտերը պետք է փակվեն, քանի որ անարդյունավետ են: Փաստաթուղթն ուղարկվել է Արդարադատության նախարար Գրետե Ֆարեմոյին: Սպասվում է, որ նախարարն այս կապակցությամբ որոշում կընդունի մինչև ամսվա վերջ:

 

Այս ծրագրի դեմ են հանդես եկել փոքր բանտերի աշխատակիցներն ու կալանավորները: Առաջիններին դա ձեռք չի տալիս աշխատատեղերի փակման պատճառով, իսկ ինչ վերաբերում է բանտարկյալներին, ապա նրանք նախընտրում են պատիժը կրել փոքր հաստատություններում, որտեղ բոլոր անդամների միջև հաստատվում են վստահելի կապեր: