Սևանի ջրասուզակը «Ծիլի Ծովի» ջրամբարից դուրս բերեց 43-ամյա տղամարդու դին
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի Այգեձոր վարչական շրջանում գտնվող «Ծիլի Ծովի» ջրաբմարից Սևանի Հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ-փրկարար Վահե Մելքոնյանը ջրամբարից դուրս բերեց Այգեձոր գյուղի բնակիչ, 43-ամյա Էդիկ Աթաբեկյանի դին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 5-ին, Է. Աթաբեկյանը իր ընկերների և հարազատների հետ հանգստանալու նպատակով այցելել է «Ծիլի Ծովի» ջրամբար, որտեղ պետք է անցկացնեին նաև Վարդավառ:
Ժամը 16:00-ի սահմաններում Է. Աթաբեկյանը լողանալու նպատակով մտել է ջուրը, ինչը ողբերգական ավարտ է ունեցել:
Երեկվանից նրա հարազատները և համագյուղացիները` գյուղապետ Սասուն Սաֆարյանի, Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանի, ինչպես նաև` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Վիկտոր Թադևոսյանի գլխավորությամբ, կատարում էին որոնողական աշխատանքներ, ինչը արդյունք չէր տալիս:
Տեղում էր նաև Ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ:
Այսօր դեպքի վայր ժամանած Սևանի ջրասուզակներին հաջողվեց վայրկյանների ընթացքում հայտնաբերել դին:
Այգեձորի գյուղապետ Ս. Սաֆարյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել է, որ ջրախեղդված տղամարդն իրենց գյուղի ամենահարգված անձանցից էր, զբաղվում էր հողագործությամբ, ամուսնացած էր, ուներ 2 աղջիկ և 1 տղա, իսկ նախկինում այս ջրամբարում ջրահեղձման 3-4 դեպք է տեղի ունեցել:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի










