Իսրայելը Եգիպտոսին անվտանգության ոլորտում համագործակցություն է խոստանում
Իսրայելը այսօր ցավակցություններ է հայտնել Եգիպտոսին Ռաֆա քաղաքի շրջանում այսօր գիշերը զինվորական հսկիչ-անցագրային կետի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 15 եգիպտացի սահմանապահների մահվան կապակցությամբ և հաստատել է անվտանգության ոլորտում համագործակցության պատրաստակամությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալույունը:
Պայթեցնելով և ոչնչացնելով Սինայի թերակղզու հյուսիսում եգիպտական Կարբ Աբու Սալեմ ռազմական հսկիչ-անցագրային կետը, գրոհայինները զավթած զրահամեքենայով փորձել են ներխուժել Իսրայել, սակայն ոչնչացվել են իսրայելական ուժերի կողմից:
Ցավակցություն հայտնելու հետ մեկտեղ, Իսրայելի իշխանությունները, այնուամենայնիվ Եգիպտոսին կոչ են արել Սինայում կարգուկանոն հաստատել:
«Խաղաղությունը երկրների միջև եղել և մնում է երկու երկրների ընդհանուր շահը: Իսրայելը կշարունակի գործել Եգիպտոսի հետ համագործակցության ոգով, որպեսզի պահպանվի այդ շահը, ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը», - ասված է Իսրայելի ԱԳՆ-ի փաստաթղթում:
1979-ին երկու երկրների միջև կնքված Քեմփ-դևիդյան խաղաղ համաձայնագիրը Սինայի թերակզղում եգիպտական զորքերի ներկայության խիստ սահմանափակումներ էր նախատեսում: Սակայն վերջին տարիներին Իսրայելը Եգիպտոսին ընդառաջ էր գնում, չխոչընդոտելով սահմանին հավելյալ զորքերի տեղակայմանը, որոնք պետք է պայքարեն «Ալ-Կաիդա»-ին մոտ ջիհադիստական և պանիսլամիստական գրոհային խմբերի դեմ:
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հույս է հայտնել, որ գրոհայինների այդ հարձակումը Սինայում Եգիպտոսին «արթնանալու ազդակ» կլինի և նրան որոշիչ և արդյունավետ քայլերի կմղի: Այսօր Իսրայելի պաշտպանության նախարարն ու վարչապետը այցելել են դեպքի վայր:
Բարաքը պատմել է սահմանին գիշերային մարտի մանրամասները: Սկզբում գրոհայինները անցակետի արգելափակոցների մոտ պայթեցրել են պայթուցիկով բեռնված բեռնատարը, ապա փորձել են ներխուժել զրահամեքենայով, որը ոչնչացվել է երկրից և օդից հասցված հարվածներով: Իսրայելական կողմից կորուստներ չկան:










