Spyker-ը GM-ից 3 մլրդ դոլար է պահանջում Saab-ի սնանկացման համար
Հոլանդական Spyker Cars ընկերությունը դատական հայց է ներկայացրել ամերիկյան General Motors (GM) ավտոկոնցեռնի դեմ, պահանջելով 3 մլրդ ԱՄՆ դոլար փոխհատուցում, հաղորդում է Reuters-ը:
Շվեդական Saab Automobile-ը, որը Spyker-ի դուստր ձեռնարկությունն է, սնանկ էր հայտարարվել 2011թ. դեկտեմբերին:
Spyker-ը GM-ին մեղադրում է անօրինական գործողությունների մեջ, որոնք ուղղված են եղել Saab-ի հետ չինական ավտոշուկայում մրցակցությունից խուսափելուն և շվեդական ընկերությանը սնանկության հասցնելուն:
Հայցի համաձայն, Saab-ի սնանկությունը պայմանավորված է եղել, մասնավորապես, նրանով, որ GM-ը խոչընդոտել է` մի կողմից Saab-ի, Spyker-ի և մյուս կողմից չինական Youngman ներդրումային ընկերության միջև գործարքի կայացմանը, որը հնարավորություն կտար Saab-ին վերակազմավորում իրականացնել և պահպանել վարկունակությունը:
Saab-ի տնտեսական ցուցանիշները 2010թ.-ի արդյունքներով շատ ցածր են եղել, իսկ 2011թ.-ի ապրիլին ավտոարտադրողի հոսքագիծը ընդհանրապես կանգնեցվել է պահեստամասերի մատակարարներին ունեցած պարտքերի պատճառով:
Հիշեցնենք, որ հուլիսին շվեդական արդեն սնանկ Saab ավտոարտադրողը գնվեց ճապոնա-չինական կոնսորցիումի կողմից, որը մասնագիտացած է էլեկտրոմոբիլների արտադրության մեջ:










