Ինքնասպանություն Արարատ գյուղում. հայտնաբերվել է նամակ

14:43 • 06.08.12

Երեկ` օգոստոսի 5-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:  Ժամը 13:00-ի սահմաններում Արարատ քաղաքի դիահերձարանից Ոստիկանության Արարատի բաժին հայտնել են, որն Արարատ գյուղից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 74-ամյա Ֆ. Սայադյանի դին:
 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիահերձարան են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը` Արարատի ոստիկանապետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ:
 

Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով` Ֆ. Սայադյանը ինքնասպանության նպատակով խմել է օրգանական նյութ` ֆոսֆոր կոչվող թունաքիմիկատ:
 

Նրա տանը Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ քննչական խումբը Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Հրաչյա Մուշեղյանի գլխավորությամբ հայտնաբերել է նամակ, որում Ֆ. Սայադյանը գրել է. «Եկել է ժամանակը, որ ես հրաժեշտ տամ իմ կյանքին»: Իրավապահներին էլ խնդրել է, որպեսզի իր այդ քայլի համար ոչ մեկի չմեղադրեն:
 

Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքնասպանություն գործած տղամարդը ամուսնացած էր` ուներ ընտանիք, զավակներ և թոռներ, սակայն ունեցել է առողջական լուրջ խնդիրներ: