Հալեպի մարտերը հասել են հայկական թաղամասեր

10:38 • 07.08.12

Հալեպում կառավարական զորքերը շարունակում են լայնածավալ գործողությունը ընդդիմության, հատկապես Հալեպում գտնվող Սիրիայի ազատ բանակի զինյալների դեմ:
 

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները Tert.am-ին տեղեկացրեցին, որ մարտերն ընթանում են հայկական թաղամասերին չափազանց մոտ:

Ընդդիմադիրները գիշերը փորձել են գրավել հայաշատ թաղամասերում գտնվող կառավարական շինություններից մի քանիսը` մասնավորապես Վիլլաներ թաղամասւոմ և բախումներն ընթացել են հիմնականում դրանց շուրջ:

Այժմ հայաշատ թաղամասերում շրջում են կառավարական զորքերի զինվորները և թաղամասերում պարբերաբար կրակոցների ձայներ են հնչում: Քիչ ավելի հեռվում տեսանելի են ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, որոնք օդային հարվածներ են հասցնում ընդդիմադիրների գրաված շենքերին:
 

Հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ հրետանակոծությունների ձայները ողջ գիշեր գրեթե չեն դադարել:

Ավելի վաղ, տեղեկություններ էին տարածվել, որ արդեն չի գործում Նոր գյուղ թաղամասի ծայրամասում` Մասաքեն հանանո շրջանին սահմանակից հատվածում գտնվող Հալեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, որի դիրքն առավել վտանգավոր  է համարվում:


Սոցիալական ցանցերում սիրիահայության խմբերում կոչեր են հնչում տներից դուրս չգալու և պատուհաններին մոտ չկանգնելու վերաբերյալ: