ԱՄՆ Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է Արցախի անկախությունը սատարող բանաձև

10:20 • 07.08.12

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը 2012թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը ընդունել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձևը, որում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու ժողովրդավար անկախությունը:


Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից:

 

Տեղեկացվում է, որ բանաձևը դատապարտում է հայերի կոտորածները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, ինչպես նաև բռնարարքները, որ Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ:

 

Փաստաթուղթը շեշտում է, որ Ադրբեջանն իր թշնամական քայլերով ներկայումս նույնպես շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը:

 

Բանաձևը բարձր է գնահատում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, չնայած շարունակական բռնություններին, 1991թ. Դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց հօգուտ անկախության, ազատության և ժողովրդավարության:

 

Բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում, այդ առումով մեծ քայլ է համարում և գնահատում 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները:


Բանաձևի ընդունման կապակցությամբ ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ասել է.

 

«Շնորհակալ ենք Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատին Արցախի ազատությունը սատարող բանաձև ընդունելու համար: Ընդունելով այս բանաձևը` Մասաչուսեթսի օրենսդիրները խրախուսել են մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր արժեքները: Մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Հեչթին այս հարցում իր ցուցաբերած վճռական առաջնորդության համար: Բարձր ենք գնահատում մեր հայրենակիցներ և երկարամյա աջակիցներ Ջեյմս Գալուստյանի և Միդլեսեքսի շրջանի Շերիֆ Փիթեր Կուտուջյանի մեծ նվիրվածությունը ու շարունակական ջանքերը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի հետապանդմանը»: