Գլխի վնասվածքի պատճառը ոչ թե վայր ընկնելն էր, այլ կավե բաժակով հարվածելը

13:44 • 07.08.12

Օգոստոսի 7-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ծոծրակային մասի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Կարապետ Ա.-ն: Նա հայտնել է, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, մորեղբոր տան բակում վայր է ընկել:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:



Պարզվել է, որ օգոստոսի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, Կարապետ Ա.-ի մորեղբոր որդու` Արման Հ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի բնակչուհի՝ ոմն Գոհար, կավե բաժակով հարվածել է Կարապետ Ա.-ի գլխին և պատճառել վնասվածք:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Գոհարի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: