Ռուսաստանը չի ցանկանում, որ Ադրբեջանը ռազմական գործողության դիմի ԼՂ հարցում. ռուս քաղաքագետ

14:26 • 07.08.12

Ռուսաստանը չի ցանկանում, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի ղարաբաղյան խնդրում, քանի որ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի դաշնակիցն է։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին իր «Պոստ Իմպերիում» գրքում գրել է հայտնի քաղաքագետ, Մոսկվայի «Կարնեգի» կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը:

 

«Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազա»,- գրել է հեղինակը` հիշեցնելով 2010թ.-ի օգոստոսին Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված` ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետը մինչև 2044թ.-ը երկարացնելու մասին պայմանագիրը:


«Գյումրիի ռազմաբազայի հիմնական խնդիրն է հսկողության տակ վերցնել հյուսիսում՝ Վրաստանը, հարավում՝ Թուրքիան, արևելքում՝ Ադրբեջանը»,- նշել է Տրենինը` հավելելով, որ Ռուսաստանն այս պայմանագրով ուժեղացնում է տարածաշրջանում սեփական անվտանգության պարագիծը:


«Նրանց (հայերին) Ռուսաստանը երաշխավորում է հայկական սահմանների աներերություն` դրանով հիշեցնելով պաշտոնական Բաքվին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում վերջինս չփորձի դիմել ռազմական գործողությունների»,- գրել է քաղաքագետը:


Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին` քաղաքագետը հայտնել է, որ Ռուսաստանի տեսանկյունից Ադրբեջանը կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանի էներգետիկ քաղաքականության մեջ:


«Չնայած դրան` Ռուսաստանը հայտարարել է, որ համբերատար կվերաբերվի պաշտոնական Բաքվի սերտ համագործակցությանն Արևմուտքի նավթային հսկաների, այդ թվում` Թուրքիայի հետ»,- նշել է քաղաքագետը:


Սակայն, ըստ նրա, Վաշինգտոնի օգնությունն Ադրբեջանի ու Ղազախստանի ռազմածովային ուժերի արդիականացման հարցում պաշտոնական Մոսկվայի «սրտով չէ»: Ռուսաստանը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Կասպից ծովը պատկանում է բացառապես ափամերձ երկրներին: Այլ երկրներ չեն կարող զբաղվել Կասպից ծովի անվտանգության խնդիրներով: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի` «Կասպիական պահապան» զորաջոկատ ստեղծելու նախաձեռնությանն ի պատասխան` ռուսական կողմն առաջարկել է ստեղծել CASFOR կասպյան երկրների ռազմածովային ջոկատ: