Միջազգային դպրոցական օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են 10 մեդալով
Դպրոցական առարկայական միջազգային օլիմպիադայից Հայաստանի թիմերը վերադարձել են 10 մեդալով՝ մեկ արծաթե և 9 բրոնզե, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը:
«Միայն այս տասը մեդալները չեն, առջևում ևս երկու օլիմպիադաներ կան, որոնցում ևս, հուսով ենք, արժանվույնս կներկայացնեն մեր երկիրը»,- ասաց նա։
Օլիմպիադայի մասնակիցները սովորում են Երևանի «Քվանտ» վարժարանում, ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում և Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Հայաստանը ներկայացնող աշակերտները մրցել են 72 երկրների աշակերտների հետ:
Դպրոցական առարկայական միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի ղեկավարներ Նաիրի Սեդրակյանը, Գագիկ Գրիգորյանը, Գայանե Ղուկասյանը, Լիդա Սահակյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեցին, որ Հայաստանը ներկայացնող աշակերտներն իրենց դրսևորել են լավագույնս:
Դպրոցական առարկայական միջազգային օլիմպիադային մասնակցում էին նաև դպրոցականներ Ադրբեջանից ու Վրաստանից: Ադրբեջանցի աշակերտներից բրոնզե մեդալակիր է դարձել մեկ մասնակից, իսկ վրացիներից՝ 2-ը:










