Վիլյամ Սարոյանի անվան մրցանակին 3 դրամատուրգ է հավակնում

12:54 • 07.08.12

Հայկական դրամատիկ արվեստի դաշինքի Վիլյամ Սարոյանի անվան մրցանակին՝ հաստատության 3-րդ բիենալեի շրջանակներում, 3 դրամատուրգ է հավակնում: Եզրափակիչ փուլ անցած հավակնորդներն են Սևան Գալուստյան Գրինը՝ «Դուն», Ադրինա Սևան-Նիքոլսը՝ «Երանկայի գիշերը» և Քելի Սթյուարտը՝ «Երկնապատկանը» ստեղծագործություններով: Այս մասին գրում է Armenian Reporter-ը:

 

Լիբանանահայ-պակիստանցի դերասան ու դրամատուրգ Գալուստյան Գրինի «Դուն»-ը ամերիկահայ ընտանիքի 4 սերունդների պատմությունն է:

 

Նյույորքցի դերասանուհի և դրամատուրգ Սեվան-Նիքոլսի «Երզնկայի գիշեր»-ը ոգենչված է նրա հայ պապերի՝ Ցեղասպանությունից փրկվելու պատմությունից:

 

Իսկ ահա ամերիկացի դրամատուրգ Քելի Սթյուարտի «Երկնապատկան»-ը` թուրք կին օդաչու Սաբիհա Գյոքչենի և հայազգի լրագրող Հրանտ Դինքի մենախոսություններն են՝ ողբերգությամբ միահյուսված: Գյոքչենը Աթաթուրքի որդեգիր դուստրերից էր և ըստ Դինքի՝ ծագումով հայուհի:

 

Մրցանակը կազմում է 10 000 դոլար, որը հանձնվելու է այս տարվա դեկտեմբերին Փասադենայում:

 

Հայկական թեմաներով պիեսների համար հանձնվող Վիլյամ Սարոյանի մրցանակը սահմանվել է 2007-2008-ին Սարոյանի 100-ամյակի առիթով՝ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի կողմից: