Եվրոպական ինտեգրումը ՀՀ-ի համար այլընտրանք չպետք է ունենա. հայտարարություն

11:11 • 07.08.12

Միջազգային Եվրոպական Շարժման Հայաստանյան Խորհուրդը տարածել է հայտարարություն, որում ասվում է, թե Եվրոպական ինտեգրման ուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, բայց մյուս կողմից կարևորվում է ՀՀ դաշնակից հետխորհրդային մյուս պետությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության ինտեգրումը նույն արժեհամակարգին:

 

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

 

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությանն առաջարկվող անդամակցությունը Եվրասիական Միությանը,

 

Ողջունելով Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշվող թեզը առ այն, որ հեռանկարում անհրաժեշտ է ստեղծել ազատ առևտրի տարածք Վլադիվաստոկից մինչև Լիսաբոն,

 

Ողջունելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ձևավորված աննախադեպ սերտ փոխգործակցությունը քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ճանապարհին,

 

Փաստելով, որ Եվրոպական Միության ինտեգրվելու հեռանկարը Հայաստանում վայելում է հասարակության լայն շրջանակների աջակցությունը, ինչը արտացոլվում է Ազգային Ժողովում և քաղաքացիական հարթակներում,

 

Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավանդույթների հիման վրա ստեղծված ռազմավարական գործակցությունը,

 

Եվրոպական Շարժումը կարևորում է Հայաստանի տնտեսության արդիականացումը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և նորմերին: Եվրոպական ինտեգրման ուղին Հայաստանի համար, ինչպես և նախկինում, այլընտրանք չպետք է ունենա, այն պետք է դիտվի իբրև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, հասարակությունների և ազգերի միջև համերաշխություն սերմանելու և վերջիններս արդիականացնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մակարդակի բարձրացման բացառիկ պատմական հնարավորություն:

 

Մյուս կողմից, չափազանց կարևորում ենք Հայաստանին դաշնակից հետխորհրդային մյուս պետությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության ինտեգրումը նույն արժեհամակարգին»: