Սգո մոմավառություն Բելգիայում՝ ի հիշատակ Վահե Ավետյանի
Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան 40 օրվա առիթով, այսօր Բելգիայի «Հայասա» Հայ Ուսանողական Միությունը կազմակերպել է սգո մոմավառություն և տեղեկատվական հանդիպում «Հայաստանի քաղաքացին այսօրվա Հայաստանում» խորագրով: Միջոցառումը տեղի է ունեցել «Սուրբ Մարիամ Մագդալենացի» Հայ Առաքելական Եկեղեցում: Այս մասին տեղեկանում ենք Բելգիայի «Հայասա» ուսանողական միության անդամների տարածած հաղորդագրությունից:
«Հայասա»-ի անդամները նկատում են, թե իրենց, հատկապես, մտահոգում է Հայաստանում տիրող վախի, անպատժելիության և թողտվության մթնոլորտը, որտեղ շարքային հայ քաղաքացին հայտնվել է անպաշտպան վիճակում. «Երիտասարդ՝ ընդամենը 32 տարեկան բժիշկ սպան չընկավ մարտի դաշտում թշնամու արձակած գնդակից, ոչ էլ ավտովթարի զոհ դարձավ: Նա սպանվեց մարդկային դեմքը կորցրած տգետ տականքների կողմից, որոնց համար սպանելը նույնքան հեշտ է, որքան խաբելն ու գողանալը: Այս դեպքը բացահայտ մարտահրավեր է նետված մեր հասարակության այն առողջ ուժերին, որոնք չեն դադարում պայքարել օրենքի գերակայության և արդարության համար»,- գրված է հաղորդագրության մեջ:
Բելգիահայ երիտասարդներն ընդգծում են, որ ճակատագրի բերումով հայտնված լինելով օտար ափերում, չեն կարող անտարբեր մնալ հայրենիքում տիրող անառողջ երևույթների հանդեպ.«Իրավիճակը տագնապալի է: Մեծ չափերի հասնող արտագաղթը, սոցիալական անարդարությունը, գործազրկությունը, երկրի ընդերքի վայրի շահագործումը, կաշառակերությունը և բազմաթիվ այլ խիստ բացասական իրողություններ կասկածի տակ են դնում մեր պետականության հետագա գոյությունը»:
Բելգիայի «Հայասա» հայ ուսանողական միության անդամները հայտարարում են՝ «Մենք չենք լռելու: Լռությունը հավասարազոր է ինքնասպանության: Եկել է երկիրն աղբից մաքրելու պահը»:










