Վրաստանում պետական դրոշները խոնարհվել են` ի հիշատակ 2008թ.-ի պատերազմի զոհերի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարգադրության համաձայն` ողջ երկրի տարածքում պետական դրոշները խոնարհվել են` «ի հիշատակ 2008թ.-ին Վրաստանի անկախության ու միասնության համար զոհված զոհերի», հայտնում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով Նախագահի վարչակազմի մամլո ծառայությանը:
Ըստ վրացական լրատվամիջոցների մեջբերած պաշտոնական տվյալների` 2008թ.-ի պատերազմում վրացական կողմը տվել է 413 զոհ` 166 զինվորական, 16 ոստիկան ու 220 քաղաքացիական անձ: Վիրավորվել է 2.234 մարդ:
Երկրի իշխող Ազգային շարժումն այս կապակցությամբ օգոստոսի 7-8-ին կդադարեցնի նախընտրական քարոզարշավը:
2008թ.-ի լույս օգոստոսի 8-ի գիշերը, Հարավային Օսիայում սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց մասնակցում էր նաև ռուսական զորքը: Օգոստոսի 12-ին Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց օպերացիայի բարեհաջող ավարտի մասին: Իսկ օգոստոսի վերջին ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, ինչից հետո պաշտոնական Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:










