Հենրիկ Մխիթարյանը պնդում է, որ իր գյուտը գրանցեն որպես հավերժական շարժիչ, այլ ոչ՝ շարժիչ

21:53 • 08.10.12

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ, այդ թվում՝ հացադուլ անող մաթեմատիկոս, ֆիզիկոս Հենրիկ Մխիթարյանի գյուտը Մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժինը ոչ թե հրաժարվում է գրանցել, այլ հրաժարվում է գրանցել «հավերժական շարժիչ» անվան տակ:


Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը և հիշեցրեց, որ գիտությունը չի ընդունում հավերժական շարժիչը:


Ըստ իրավաբանի՝ խնդիրը այստեղ այլ հարթության մեջ է.«Կարող է՝ իր սարքը աշխատում է, բայց ինքն ասում է՝ «չէ՛, անունը դրեք հավերժական շարժիչ»: Բայց էնտեղ հավերժական բան չկա»:


Այսինքն՝ եթե հստակեցնենք՝ Մտավոր սեփականության գործակալությունը պատրաստ է մաթեմատիկոս, ֆիզիկոսի գյուտը գրանցել «շարժիչ» անվան, բայց ոչ՝ «հավերժական շարժիչ» անվան ներքո:


Ի դեպ, Ավետիս Պերյանի տեղեկացմամբ, Հենրիկ Մխիթարյանը գրանցված բազմաթիվ այլ արտոնագրեր ունի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության շենքի մոտ հացադուլ հայտարարած Հենրիկ Մխիթարյանը պնդում էր, որ ստեղծել է հավերժական շարժիչ, սակայն ոչ ոք չի ուզում ընդունել այդ փաստը, և հաշվի չի առնում մի շարք այլ հետազոտությունների արդյունքներ:


Ի պատասխան հարցի՝ բայց չէ, որ գիտությունը տեղում չի դոփում, և օրինակ՝ Օքսֆորդի գիտնականները ապացուցված են համարել զուգահեռ աշխարհների գոյությունը, ինչը տարիներ առաջ հավասարազոր կլիներ հավերժական շարժիչի գյուտին, Ավետիս Պերյանն ասաց. «Չէ, սա շատ պրիմիտիվ սարք է ու գիտության հետ կապ չունի: Դպրոցական մակարդակի՝ «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» ոլորտի բան է»:

 

Հենրիկ Մխիթարյանը պնդում է, որ իր գյուտը գրանցեն որպես հավերժական շարժիչ, այլ ոչ՝ շարժիչ