Հազար տարի անց մարդու արտաքինը բոլորովին այլ է լինելու. գիտնականներ
Անատոմիայի բնագավառի մի շարք եվրոպացի մասնագետներ այն կարծիքին են, որ մարդու մարմնի կառուցվածքի էվոլյուցիայի արդյունքում 1 000 տարի անց մարդու արտաքինն էապես կտարբերվի ներկայիս տեսքից, գրում է MIGnews-ը՝ հղում անելով բրիտանական Sun-ին։
Մասնագետները գտնում են, որ ապագայում մարդու հասակը կլինի 1.83-2.13 մ, ինչին կնպաստի սննդակարգի բարելավումն ու բժշկության զարգացումը։
«Արդեն այսօր միջին ամերիկացին 2.54 սմ-ով ավելի բարձրահասակ է՝ անցած դարի 60-ական թվականների համեմատ»,-նշել է վարկածն առաջ քաշած մասնագետներից մեկը։
Գիտնականների կանխատեսմամբ՝ կփոխվի նաև մեր հետնորդների մարսողական համակարգը. ավելի կարճ աղիքները համեմատաբար ավելի քիչ ճարպեր ու սախարոզա կներծծեն։ Սա էլ իր հերթին կնպաստի, որպեսզի մարդն ավելորդ քաշ չկուտակի։ Բացի այդ, կնվազի նաև մարդու ատամների քանակն ու կփոքրանա բերանի չափը։
Չի բացառվում նաև, որ եթե ապագայում էլ տղամարդու պտղաբերությունը շարունակի նվազել, ապա նրանց սեռական գեղձերը կիսով չափ կկրճատվեն։
Ինչ վերաբերում է ուղեղին, ապա այն ևս անմասն չի մնա փոփոխություններից. դրա չափերը կփոքրանան, ինչը պայմանավորված կլինի նրանով, որ հիշելու և մտածելու հիմնական գործառույթները կկատարեն համակարգիչները։










