Apple-ն այս ամիս կներկայացնի iPad mini-ն
Apple ընկերությունը հնարավոր է հենց այս ամիս ներկայացնի մեծ պահանջարկ վայելող Ipad-ի նոր տարբերակը, որն ավելի փոքր էկրան կունենա, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։
IPad-ի էկրանի չափերը չեն փոխվել 2010թ.-ից, երբ թողարկվեց սարքի առաջին տարբերակը։ Այն այժմ էլ կազմում է 9.7 դյույմ։
Fortune ամսագրի պնդմամբ՝ հենց այս չորեքշաբթի ընկերությունը լրատվամիջոցներին կհրավիրի հոկտեմբերի 17-ին կայանալիք մամուլի ասուլիսին, որի ընթացքում կներկայացնի IPad mini-ն։ Apple-ը, սակայն, սովորաբար չի մեկնաբանում ակնկալվող նորությունների մասին տարածվող խոսակցությունները։
Apple-ն առաջվա պես պլանշետային համակարգիչների շուկայում գերիշխող դեր ունի, սակայն Google-ի՝ ավելի փոքր չափերով արտադրվող արտադրանքի վաճառքի աճին զուգահեռ, վերջին շրջանում ամերիկյան ընկերության արտադրանքի վաճառքը սկսել է նվազել։
Վերլուծաբանների տվյալներով՝ տարվա երկրորդ եռամսյակին Apple-ը զբաղեցրել է շուկայի 69.9%-ը, մինչդեռ 2010թ.-ին՝ 84%-ը։
Վերլուծաբանները նշում են, որ IPad mini-ն օգտագործողների կողմից կսիրվի այն դեպքում, եթե նրա գինը մրցակիցների գնին համապատասխան կլինի։
Սիրված պլանշետային 7 դյույմանոց համակարգիչները՝ Ամազոնի ներկայացրած Kindle Fire HD-ն և Գուգլի Nexus 7-ը վաճառվում են 199 դոլարով։ Իսկ Ipad-ի ամենաէժան մոդելը 499 դոլար է։










