Մոսկվայի մետրոյում ահաբեկիչներին կտարբերակեն «խելացի» տեսախցիկները
Մոսկվայի մետրոյում փորձարկվում է ահաբեկիչների և հանցագործների դեմ պայքարի յուրահատուկ տեխնոլոգիա, հայտնում է izvestia.ru։
Կայարաններից մեկում տեղադրվել է տեսահամակարգ, որն ունակ է ուղևորների հոսքի մեջ տարբերակել իրենց անհանգիստ պահող կամ ագրեսիվ տրամադրված մարդկանց։ Մետրոպոլիտենի անվտանգության ծառայությունը թեև համակարգն օգտակար է համարում, սակայն առաջարկում է մշակել այն՝ հաշվի առնելով ուղևորների մեծ հոսքը։
«Այն ռեժիմով, որով հիմա է աշխատում այս համակարգը, այդքան էլ արդյունավետ չէ։ Կան խնդիրներ պատկերի ճանաչման հարցում. ծրագիրը կատարում է ընտրություն, սակայն երբեմն անսպասելի չափանիշերով։ Տեսախցիկի ուշադրությունը կարող է գրավել ոչ միայն սթրեսի մեջ գտնվող մարդը, այլև փարթամ սանրվածքով կինը»,- ասել է Մոսկվայի մետրոպոլիտենի աշխատակիցներից մեկը։










