Հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

15:00 • 09.10.12

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նախօրեին մեկնարկած աշխարհահռչակ Նոբելյան 111-րդ շաբաթվա շրջանակներում այսօր հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում դափնեկիրները, գրում է Life News-ը։

 

Ֆրանսիան և ԱՄՆ-ն ներկայացնող Սերժ Հարոշն ու Դևիդ Ուայնլենդը մրցանակի են արժանացել քվանտային ֆիզիկայի ոլորտում կատարած աշխատանքի համար։

 

«Հարոշն ու Ուայնլենդը նոր դուռ են բացել դեպի քվանտային ֆիզիկայում նոր փորձարկումների դարաշրջան՝ ցույց տալով, որ հնարավոր է անմիջականորեն հետևել առանձին քվանտային մասնիկներին՝ առանց դրանք վերացնելու», - ասվում է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ երեկ ֆիզիոլոգիայի և բժշկության՝ մասնավորապես ցողունային բջիջների ոլորտում կատարած աշխատանքի համար բաղձալի մրցանակին են արժանացել բրիտանացի Ջոն Հերդոնն ու ճապոնացի Սինյա Յամանական։

 

Մինչ այս շաբաթվա ավարտը հայտնի կդառնան նաև քիմիայի, գրականության, ինչպես նաև խաղաղության մրցանակակիրները։ Վերջին ոլորտում ներկայացված են «Էխո Մոսկվի»-ի, Pussy Riot-ի և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունները։


Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2012 թ.-ի դեկտեմբերի 10-ին՝ Ստոկհոլմում և Օսլոյում։
Դափնեկիրներին շնորհվող մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 1.2 մլն դոլար։
 

Հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները