Ինչո՞ւ ենք մենք մեզ տարօրինակ պահում վերելակներում. հետազոտություն
Մեզանից շատերն օգտվում են վերելակից ամեն օր, միևնույն ժամանակ մեր պահվածքը վերելակում բացահայտում է թաքնված անհանգստություն, գրում է korrespondent.net-ը։ Մենք մտնում ենք վերելակ, սեղմում ենք կոճակը և անշարժ կանգնում։
Վերելակով երթևեկելը, միգուցե, աշխատանքի գնալու մեր ճանապարհի ամենաքիչ տպավորվող մասն է, սակայն Հյուսիսային Կարոլինայի համալսարանի դասախոս Լի Գրեյը, ով հայտնի է որպես «վերելակների սիրահար», որոշել է հետազոտել հասարակական տրանսպորտի այդ անտեսված տեսակը։
«Վերելակը դառնում է հետաքրքիր սոցիալական տարածք՝ իր որոշակի տարօրինակ էթիկետով։ Վերելակները շատ հետաքրքիր վայր են՝ սոցիալական տեսանկյունից, սակայն շատ հաճախ՝ անհարմար»,- բացատրում է Գրեյը։
Միջանցքում սկսված խոսակցությունները շատ արագ դադարում են գրասենյակի վերելակում։ Վերելակ մտնելիս մարդը սովորաբար շրջվում է դեմքով դեպի դուռը։ Եթե ինչ-որ մեկն էլ է մտնում, նա ստիպված է լինում տեղաշարժվել։ Համաձայն հետազոտությունների՝ մարդիկ վերելակում անգիտակցաբար կրկնում են շարժումների որոշակի հերթականություն, ինչպես ֆրանսիական կադրիլ պարի ժամանակ։
Երկուսը վերելակում զբաղեցնում են հակադիր անկյուններ. կանգնում են անկյունագծով՝ այդպիսով ստեղծելով մեծ տարածություն։ Երրորդ անձի դեպքում անգիտակցաբար կազմվում է եռանկյուն, իսկ չորս անձի դեպքում՝ քառանկյուն։
Վերելակի ներսում հայտնվելուց ու դիրքավորվելուց հետո մարդն իջեցնում է աչքերը կամ ուսումնասիրում բջջային հեռախոսը։
Ըստ Բեռլինի Ազատ համալսարանի ֆիզիոլոգիայի գծով մասնագետ պրոֆեսոր Բաբեթ Ռենենբերգի՝ «ձեզ չի բավականացնում տարածությունը»։ Մարդկանց հետ հանդիպելիս սովորաբար մենք կանգնում ենք մեկնված ձեռքի հեռավորության վրա։ Վերելակների մեծ մասում դա անհնար է, այդ պատճառով էլ անսովոր իրավիճակ է ստեղծվում, հավելել է նա։
Այդպիսի փոքր փակ տարածությունում, նրա կարծիքով, շատ կարևոր է գործել այնպես, որ մեր գործողությունները չընկալվեն որպես վտանգավոր, տարօրինակ կամ երկիմաստ։ Դրան հասնելու ամենահեշտ միջոցը տեսողական կապից խուսափելն է։










