Ամերիկացի գիտնականը պարզել է` որքան բարձր է երկրում շոկոլադի սպառումը, այնքան շատ են Նոբելյան մրցանակակիրները
Որքան բարձր է երկրում շոկոլադի սպառումը, այնքան շատ են այնտեղ Նոբելյան մրցանակակիրները։ Այսպիսի տարօրինակ օրինաչափություն է բացահայտել Նյու Յորքի բուժհաստատություններից մեկում աշխատող ամերիկացի գիտնական Ֆրանց Մեսերլին, հայտնում է newsru.com-ը։
Նրա հետազոտությունների արդյունքները հրապարակվել են հեղինակավոր «Նոր Անգլիայի բժշկական ամսագրի» կայքում։
«Նման հետազոտություն անցկացնելու միտքն իմ մոտ առաջացավ, երբ ես Կատմանդուի հյուրանոցում էի և զբաղմունք չունեի։ Հայտնաբերելով այդ օրինաչափությունը՝ ես չէի կարողանում հավատալ իմ աչքերին»,- պատմել է գիտնականը։
Ըստ Մեսերլիի՝ ամենաշատ քանակով շոկոլադ սպառող 23 երկրների ցուցակը գրեթե ամբողջությամբ համընկնում է ամենաշատ Նոբելյան մրցանակակիրներն ունեցող երկրների ցուցակի հետ։
Առաջին տեղն այս ցանկում զբաղեցնում է Շվեյցարիան, այնուհետ Շվեդիան, Դանիան, Ավստրիան, Նորվեգիան։
«Յուրաքանչյուր շվեյցարիացի տարեկան միջին հաշվով ուտում է 85 գրամ քաշով 120 հատ շոկոլադե սալիկ»,- նշել է գիտնականը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն գտնվում է ցուցակի միջին հորիզոնականներում։ Նոբելյան մրցանակակիրների թիվն ավելացնելու համար ամերիկացիներին անհրաժեշտ է ուտել տարեկան 125 հազ տոննա ավելի շոկոլադ։
Հետաքրքիր բացառություն է Շվեդիան, որտեղ հանձնվում է Նոբելյան մրցանակը։ Սպառվող շոկոլադի քանակին համապատասխան երկրում պետք է լիներ ընդամենը 14 մրցանակակիր։ Իրականում նրանք 28 են։










