Ամերիկացի զինվորականները բացահայտել են ՉԹՕ-ների գաղտնիքը
Ամերիկացի զինվորականները խոստովանել են՝ արդեն 60 տարի է նրանք չբացահայտված թռչող օբյեկտներ(ՉԹՕ) են կառուցում։
Ինչպես տեղեկացնում է Vesti-ru-ն, առաջին նման նախագիծը հայտնվել է անցյալ դարի կեսերին։ Ամերիկյան օդուժն այդ ժամանակ աշխատել է «Նախագիծ 1794» սարքի վրա։
Ինժեներների մտահղացմամբ՝թռչող նավը պետք է բարձրանար շուրջ 30 կմ և ավելի քան 4 000 կմ/ժամ արագություն ունենար։
Թռչող սարքը հաշվարկվել էր միայն ուղղահայաց թռիչքների համար, իսկ այն ղեկավարել կարող էր միայն մեկ օդաչու։ Համաձայն գծագրերի՝ այն խիստ նման է եղել թռչող ափսեի, որոնք այդ ժամանակ հնարավոր էր տեսնել հանրահայտ ֆանտաստիկ ֆիլմերում։
«Նախագիծ 1794»-ի վրա պետությունն այդ ժամանակների համար ահռելի համարվող գումար է ծախսել՝ շուրջ 3 մլն դոլար։
Սակայն ինչ-որ բան այնպես չի եղել և աշխատանքները դադարեցվել են։ 1960 թ.-ին նախագիծը փակել են։ Հավանաբար ժամանակի տեխնոլոգիաները թույլ չեն տվել հասնել էական արդյունքի։ Իսկ նման դեպքեր, ինչպես ցույց են տալիս արխիվային գաղտնազերծումները, եղել են առնվազն 3-ը։
Հաղորդվում է, որ կանադական Avro Aircraft ընկերությունը Պենտագոնի համար երկու նման թռչող ափսե է ստեղծել։ Ըստ որոշ տվյալների՝ աշխատանքները դադարեցվել են, քանի որ մասնագետներին չի հաջողվել հասնել ափսեի թռիչքի անհրաժեշտ բարձրությանը։










