Penguin և Random House հրատարակչությունները կմիավորվեն

14:58 • 26.10.12

«Բերթելսման» (Bertelsmann, Գերմանիա) և «Փիրսոն» (Pearson, Մեծ Բրիտանիա) մեդիակոնցեռնների ղեկավարությունները բանակցություններ են վարում իրենց Random House և Penguin հրատարակչությունները միավորելու վերաբերյալ։

 

Այս քայլը միավորված ընկերությունը կդարձնի գրքի շուկայում բացարձակ առաջատար, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով The Financial Times թերթին: 


Ըստ պարբերականի տվյալների՝ հնարավոր գործարքը գնահատվում է 4 մլրդ դոլար։


«Pearson-ը հաստատում է բանակցությունների մեկնարկի մասին լուրը»,- ասվում է կոնցեռնի հաղորդագրությունում։

Bertelsmann-ը դեռ հրաժարվում է մեկնաբանել լուրը։

 

Հաջող գործարքից հետո նոր «գրքային հսկան» կկարողանա վերահսկել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գրքի շուկայի  մոտավորապես մեկ քառորդը։ Մասնագետները նշում են, որ միավորումից հետո երկու կոնցեռնները կկարողանան «տարեկան խնայել նվազագույնը 65 մլն դոլար»։

 

Penguin հրատարակչության արժեքը, որը հայտնի է իր փափուկ կազմով ոչ թանկ գրքերով, չի գերազանցում 1.5 մլրդ դոլարը՝ տարեկան 1.6 մլրդ դոլար վաճառքի ծավալով։ Random House-ի վաճառքի ծավալները նախորդ տարի կազմել են մոտավորապես 2.2 մլրդ դոլար։