The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակը` «Հայաստանի ձայնը», նոյեմբերից մեկնարկում է (տեսանյութեր)

15:47 • 26.10.12

The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակը` «Հայաստանի ձայնը»՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոյեմբերից, սակայն կտարբերվի միջազգային ձևաչափից յուրօրինակ իր մոտեցմամբ։ Այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Հայաստանի ձայնը» նախագծի ձևաչափի պրոդյուսեր Վահե Օհանյանը և հավաստիացրեց, որ ընտրության միակ չափորոշիչը հզոր վոկալն է:

 

Վահե Օհանյանը բացատրելով մրցույթի կանոնները նախ նշեց, որ, ի տարբերություն նմանատիպ մյուս նախագծերի, ժյուրիի փոխարեն լինելու են «մարզիչներ»՝ թվով 4, ովքեր հայկական երգարվեստի հանրահայտ ներկայացուցիչներից են:

 

«Մարզիչները», նրա խոսքով, երգերը լսելու են փակ աչքերով և գնահատելու են մասնակցին բացառապես ձայնով, այսպիսով նախընտրական փուլ անցած մասնակիցներից ձևավորելով իրենց թիմերը:

 

Նախագծի երաժշտական պրոդյուսերը՝ երգիչ Հայկոն, տեղեկացրեց, որ նախընտրական փուլն արդեն ավարտվել է: Ըստ նրա, մասնակիցները շատ տաղանդավոր են և միաժամանակ շատ զարմանալի:

 

«Սպասվելու է հետաքրքիր շոու, և, հույս ունենք, որ այս մրցույթից հետո կունենանք շատ հետաքրքիր տաղանդներ»,- ասաց նա և տեղեկացրեց, որ ըստ The Voice նախագծի կանոնների` նախընտրական փուլը եթեր չի հեռարձակվել, քանի որ «մարզիչները» նախապես չպետք է տեսնեին ու ճանաչեին մասնակիցներին:

 

«Հայաստանի ձայն» նախագծի գործադիր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը նշեց, որ իրենք ամեն ինչ կանեն նախագծում ազգային կոլորիտը պահպանելու համար, և դա կանեն, իհարկե, «մարզիչների» օգնությամբ: «Մեր ամենամեծ աշխատանքը մեր ժյուրիի կազմն է»,- ասաց նա:


Ասուլիսին ներկա էին նաև «մարզիչները»՝ Արտո Թունջբոյաջյանը, Թաթա Սիմոնյանը, Սոնան և Սոֆի Մխեյանը:


Թաթա Սիմոնյանը այդքան էլ լավ չէր պատկերացնում, թե ինչի է մասնակցում, բայց նշեց, որ հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի: «Ես եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք: Առաջին անգամ եմ սենց բանի մասնակցում ու մինչև վերջին պահը ինձ թվում է, թե կեսից ինձ կասեն, որ մեզ պետք չի քո ծառայությունը»,- կատակեց երգիչը: Նա նշեց, որ ինքն այդքան էլ կողմ չէ «կույր» լսումներին, քանի որ իր համար շատ դժվար է որոշում կայացնել միայն ձայնով: «Ինձ համար միայն ձայնը շատ քիչ է»,- ասաց նա:

 

Արտո Թունջբոյաջյանը ուրախ էր, որ իրեն էլ են ընդգրկել այս նախագծում, և ,հույս հայտնեց, որ միջազգային մակարդակի շուո լինի: «Ես վստահ եմ, որ այս ազգը մեծ խոսք ունի արվեստի աշխարհին ասելու»,-ասաց նա: Ինքն էլ առաջին անգամ էր մասնակցում նման նախագծերի. «Միայն գիտեմ, որ նստելու ենք մի «կնոպկայի» սեղմենք ու կինոն սկսվելու է»:

 

Սոնան շատ է ուզում զարմանալ և նշում է, որ իր համար էլ կարևոր չէ ձայնը: «Լավ ձայն Կոնսերվատորիայում էլ կարող ենք լսել: Դա նշանակում է, որ միայն ձայնը չի, այլ յուրահատկությունը: Ուզում եմ փշաքաղվել, ասել եմ, մի մազ էլ կանգնի, ուրեմն՝ ֆսյո»,- ասաց նա:

 

Սոֆի Մխեյանը խոստովանեց, որ նախագծին մասնակցելն իր համար մեծ պատասխանատվություն է: «Ես կփորձեմ անել հնարավորինը արդարացնելու սպասումները: Գիտեմ, որ հետաքրքիր կլինի, չտեսնել մարդուն և լսել նրա ձայնը, և, ըստ այդմ էլ, հետևություն անել»,- ասաց նա:


Նախագծի հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը նշեց, որ սա հերթական նախագիծը չէ. «Սա առաջին մեծ մասշտաբի և որակի ու հզորության նախագիծ է»,- ասաց նա:

 

Նշենք, որ ըստ նախագծի կանոնների՝ առաջին փուլում ժյուրիի անդամները չեն կարող տեսնել մասնակցին, լսում են միայն ձայնը, եթե մի մասնակցի ընտրում են միաժամանակ ժյուրիի երկու կամ ավելի անդամ, ապա մասնակիցn ինքն է ընտրում, թե ժյուրիի անդամներից ում հետ շարունակի պայքարը: Հաջորդ փուլում ժյուրիի անդամներն աշխատում են ընտրված մասնակիցների հետ, կատարելագործում նրանց երաժշտական հնարավորությունները: Մրցմանը՝ «մարզիչների» աշակերտներից երկուսը կատարում են նույն երգը, թույլ կատարողը լքում է մրցույթը: Եզրափակիչ փուլում մասնակցին որոշում է արդեն լսարանը:

 

Հաղթողի հետ կնքվում է 1 տարվա պայմանագիր Universal music group ընկերության հետ, որը նշանակում է ճանապարհ դեպի աշխարհի մեծ բեմեր: