«POPOK»-ը այսօր կվերջանա
Հոկտեմբերի 25-ին մեկնարկած «POPOK» փառատոնը այսօր կամփոփի արդյունքները և տեղի կունենա հաղթողների մրցանակաբաշխություն: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց «POPOK» երևանյան միջազգային գովազդային փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
««POPOK» անվանումը կազմված է «POP» գովազդային տերմինից, որը նշանակում է գովազդ վաճառքի վայրում, OK-ն էլ հայտնի «OK» արտահայտությունն է: Մյուս կողմից` POPOK-ը մեր ընկույզն է, որը կոտրված վիճակում հիշեցնում է մարդու ուղեղ, որտեղ ծնվում են կրեատիվ մտքեր: Այս փառատոնը դառնում է մտքերի բախման վայր»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Փառատոնը սահմանել է մեկ «գրան պրի»` կոմերցիոն գովազդի համար։ Սոցիալական գովազդի համար այս տարի «գրան-պրի» չի տրվի, սակայն բոլոր անվանակարգերում սահմանված են մրցանակներ:
Փառատոնի շրջանակում անցկացվել են վարպետոթյան դասեր, որոնք վարել են գովազդային շուկայում հայտնի պրոֆեսիոնալներ` Ալեքսեյ Անդրևը, Եվգենի Պրիմանչենկոն և այլոք:
Փառատոնի հանձնաժողովի անդամ Կարեն Ղազարյանի կարծիքով ցանկացած փառատոն լուրջ ուսուցողական բնույթ է կրում: «Տեղի է ունենում փորձի փոխանակում, մարդիկ ծանոթանում են իրար հետ, գովազդ արտադրելու նոր տեխնոլոգիաներին, և այդ առումով, փառատոնը խթան է հանդիսանում գովազդի զարգացման համար: Հուսով եմ, մեր փառատոնի օգնությամբ էլ, միջազգային փառատոներում կկարողանանք բավականին լուրջ մրցանակներ շահել»,- ասաց Կարեն Ղազարյանը:
Ըստ ժյուրիի անդամ Միխայիլ Պյատինի, ով ներկայացնում է «Գրուպ Էմ» գովազդային խումբը, այս փառատոնը դեռևս դժվար է համեմատել Կաննի կամ, թեկուզ Մոսկվայում անցկացվող գովազդային փառատոների հետ, քանի որ հենց մասնակիցների քանակով, այն շատ է զիջում:
«Բայց ես համոզված եմ, որ հայկական կրեատիվ կազմակերպությունները կգտնեն իրենց արժանի տեղը: Հայաստանում կրեատիվ իսկապես կա, քանի որ չի կարող չլինել, եթե կան գովազդային ընկերություններ: Ես խորհուրդ կտայի հայ գովազդ արտադրողներին մասնակցել միջազգային մրցույթներին, որը շատ լավ հնարավորություն է տալիս դրսի աշխարհից նոր բաներ սովորելու համար»,- ասաց Միխայիլ Պյատինը:
Բացի փառատոնից, հյուրերը խոսեցին նաև հայաստանյան գովազդային շուկայում առկա խնդիրների մասին: «Գովազդային դաշտը կկարգավորվի միայն այն դեպքում, երբ նրանք ենթարկվեն գովազդային օրենքներին: Գովազդի մասին մեր օրենքը լավն է, բայց ցանկացած օրենք ժամանակի փոփոխությունների հետ պետք է փոփոխվի: Վաղուց ժամանակն է Հայաստանում եթերը գնել ոչ թե րոպեով, այլ ռեյտինգով: Գովազդը, երբ առնում են րոպեով, նշանակում է առնել ոչինչ, իսկ երբ ռեյտինգով՝ նշանակում է առնում ես այն մարդկանց քանակը, ովքեր կդիտեն քո գովազդը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Բանախոսների կարծիքով, Հայաստանում գովազդի 70%-ը բաժին է հասնում հեռուստատեսությանը, և եկել է ժամանակը զարգացնելու նաև գովազդային այլ շուկաներ` թերթեր, ամսագրեր և այլն:










