Արտո Թունջբոյաջյանն աշխատում է իրենից հետո բան թողնի ու որ թոռնիկին իր պատճառով չհայհոյեն

17:15 • 28.10.12

Ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող, ճանաչված ամերիկահայ երգիչ Արտո Թունջբոյաջյանը անիմաստ է համարում այն մարդկանց ձգտումները, որ ասելիք չունեն, բայց երգում են և հսկայական միջոցներ ու ջանքեր ծախսում, միայն նրա համար, որ իրենց հետևից «քֆրեն»:


«Ինչ նպատակ սկզբից դրել եմ, այդպես էլ շարունակում եմ՝ մաքուր հոգի դնեմ իմ երգում, որ իմ հետևից մի բան թողնեմ ու մեկ էլ, որ թոռնիկիս քֆուր չանեն իմ մասին»,- Tert.am-ի հետ զրույցում անկեղծանում է երգիչը:


Նա դեմ չէ, ընդհանուր կյանքն ուրախ և թեթև անցկացնելուն, բայց միևնույնն է, խնդրում է չմոռանալ նաև վաղվա մասին։ «Կյանքը տենց ապրում ես, բայց վաղվա համար էլ պետք է մտածես, թե թոռնիկիդ ինչ ես թողնում: Դա ինձ համար շատ կարևոր է»,- ասում է նա:


Ամերիկահայ երգիչը հասկանում է, որ հնարավոր է և իր երգը դուր չգա ինչ–որ մեկին, բայց որ դրա մեջ անկեղծություն է դնում, ոչ ոք, ըստ նրա, չի կարող հերքել:


«Իմ գրած երաժշտությունը կարող է մեկ ժամ հետո են հասկանում, կարող է տասը տարի հետո, կարող է և մեկ տարի հետո և կամ չեն էլ հասկանում, բայց ես ավելորդություններով չեմ զբաղվում, մի ուղղություն ունեմ, որ երթում եմ»,- բացատրում է նա:


Արտո Թունջբոյաջյանն ասում է, որ չի կարող ասել, թե արդյոք գո՞հ է իր ներուժը ներկայացնելուց և ստացված արդյունքից, թե՝ ոչ։


«Սա է իմ հնարավորությունը, ես չեմ սպասում մեկն ինձ տա այդ հնարավորությունն ավելի լավ ներկայացնելու: Ես ընդամենը ներկայացնում եմ իմ երաժշտությունը, իմ միտքս, իմ աշխատանքս: Սա է ինձ թույլ տալիս ներկայանալ աշխարհին»,- ասում է նա:


Ընդհանուր առմամբ երգիչը հայաստանյան երգարվեստում տիրող վիճակը ոչ քննադատում է, ոչ էլ խրախուսում է, միայն նշում է, որ դա իրենց խնդիրն է:


Ինչ վերաբերում է Հայաստանում լայնորեն տարածված թուրքական և արաբական երաժշտությանը, որը քննադատվում է անարդյունք, ապա Արտո Թունջբոյաջյանը խնդրում է նախ քննադատելուց առաջ հասկանալ, թե ինչ է թուրքական երաժշտությունը:


«Քննադատելու համար, նախ պետք է հասկանաս, թե թուրքական երաժշտությունն ինչ է: Ես մի երգ ունեի գրված դրա մասին՝ «Թանից թան չսարքենք», մոտ տասը տարի առաջ դրա մասին էի խոսում, մեկը մի տեղից քոփի է անում, մենք էլ իրանցից ենք քոփի անում: Մենք չենք կարող մարդուն ասել՝ «ինչի՞ ես անում», այնպես ինչպես չենք կարող ասել, թե՝ «լոլիկն ինչո՞ւ ուտում ես»»,- ասում է նա և նշեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա արժի անել դա, թե՝ ոչ:


«Իհարկե, ես ոչ մեկից քոփի չեմ անում, ես նման բաներ չեմ անում, բայց մարդիկ կան, որ անում են, դա իրենց պրոբլեմն է, բայց մինչև անելը բանականություն պետք է ունենաս, որ հասկանաս՝ այդ ձևով քո ազգին ինչ ծառայություն ես մատուցում»,- ասաց նա:


Նա նկատում է, որ ամբողջությամբ ազգայինը պահպանելն էլ պետք չէ, բայց վերցնել ուրիշինը ավելի սխալ է: «Ազգայինի պահպանելն էլ մեկ-մեկ խանգարում է, քանի որ գլոբալ շուկայի մեջ պիտի մտնես, բայց միայն քո համեմունքներով պետք է երթաս, ուրիշի համեմունքներով չես կարա երթալ: Մենք ունենք այդ համեմունքները, և ես այդ կողմից չեմ վախենում դա օգտագործել»,- եզրափակեց նա: