Համաշխարհային արվեստի լավագույն 10 «սարսափ» գլուխգործոցները (լուսանկարներ)

16:40 • 29.10.12

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը Հելոուինի տոնին ընդառաջ (նշվում է հոկտեմբերի 31-ին) ներկայացրել է համաշխարհային նկարիչների «ամենասարսափելի» գլուխգործոցների լավագույն տասնյակը։

 

1. «Դժոխք», Հանս Մեմլինգ, 1485 թ.
Գերմանացի նկարիչ Հանս Մեմլինգի վրձնին պատկանող այս կտավն իրականում «Սարսափելի դատաստանը» եռապատկերի մի մասն է։ Դրանում պատկերված է մի էակ, որը տղամարդու, կնոջ, վիշապի, շան և թռչնի դաժան մարմնացումն է։ Էակը պարում է դժոխքի անմար կրակներում այրվող անիծվածների գլխավերևում, իսկ նրա կողքին երևում է «Դժոխքում փրկություն չկա» գրությունը։

 

2. «Մղձավանջ», Հենրի Ֆուզելի, 1781 թ.
Արվեստի բնագավառում, թերևս, ամենահայտնի մղձավանջը, որը պատկանում է շվեյցարացի նկարիչ Հենրի Ֆուզելիի վրձնին։ Կտավում սպիտակ գիշերազգեստով կույսը պառկած է անկողնու վրա։ Թվում է, թե նա պատրաստ է զոհաբերվելու։ Նրա վրա նստած է սև սատանան, որի ստվերը սարսափելի պատկեր է առաջացնում վարագույրի վրա։


3. «Էլեկտրական աթոռ», Էնդի Վարհոլ, 1964թ.

Այս կտավի հեղինակն է ամերիկացի նկարիչ Էնդի Վարհոլը, ով հայտնի է մահվան թեմայով աշխատանքներով։

 

4. «Ոջիլի ուրվականը», Ուիլյամ Բլեյք, 1819-20թթ.

Թեև այս կտավն աչքի չի ընկնում իր մեծ չափերով (21.4 x 16.2 սմ), սակայն այն ևս դասվում է համաշխարհային արվեստի ամենանշանավոր գործերի շարքին։ Կտավը պատկանում է բրիտանացի գրող Ուիլյամ Բլեյքին, և դրանում ներկայացված է չար կիսամարդու վերածված ոջիլի ուրվականը, որը շրջում է գիշերային մութ միջանցքներով և մարդկային արյուն հավաքում։

 

5. «Իր որդիներին խժռող Սատուրնը», Փոլ Ռուբենս , 1577-1640 թթ.
Ըստ հունական դիցաբանության՝ Սատուրնը վախեցել է, որ իր զավակներն իրեն կհաղթեն, ուստի կերել է իր բոլոր երեխաներին՝ ծնվելուց անմիջապես հետո։ Այս սարսափելի պատմությունը յուրովի է ներկայացրել ֆլամանդական նկարիչ Փոլ Ռուբենսը, ում կտավում Սատուրնը կեղեքում է իր նորածին երեխայի անպաշտպան կուրծքը։

 

6. «Այծամարդու ձաղկումը», Տիտան, 1570-75 թթ.

Տիտանի այս սարսափելի կտավը ցույց է տալիս, թե ինչպես է այծամարդն իր պատիժը ստանում Ապոլոնի հետ երաժշտական մրցույթում պարտվելու համար։ Պարտությունից հետո էակին գլխիվայր կախում են ծառից և Ապոլոնի հրամանով մաշկազերծ անում։

 

7. «Մեդուզա», Կարավաջո, 1596-98թթ.
Իտալացի աշխարհահռչակ նկարիչ Կարավաջոյի վրձնին պատկանող այս կտավում ներկայացված է Մեդուզան՝ օձե մազերով գեղեցկուհին, որին նայողները, ըստ հունական առասպելի, անմիջապես քարանում էին։ Լեգենդի համաձայն՝ նկարիչն օգտագործել է սեփական արտացոլանքը՝ պատկերը ստանալու համար։

  

8. «Խեղդվող շունը», Ֆրանսիսկո Գոյա, 1819-23 թթ.
«Խեղդվող շունը» համարվում է իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի ամենամռայլ կտավներից մեկը, որը, ըստ ամենայնի, անավարտ աշխատանք է։ Կտավում պատկերված է խեղդվող շուն, որը գլուխը հանել է ջրից և վեր է նայում խորաթափանց, գրեթե մարդկային հայացքով, ինչն անմոռանալի տպավորություն է թողնում նայողի վրա։

 

9. «Սբ. Անտոնիոսի գայթակղությունը», Իերոնիմ Բոսխ, 1495-1515 թթ.
Այս կտավը հոլանդացի նկարիչ Իերոնիմ Բոսխի եռանկարի մի մասն է, որում ներկայացվում են այն գայթակղությունները, որոնց տրվել է սուրբ Անտոնիոսը եգիպտական անապատում գտնվելու ժամանակ։

 

 10.«Կտրված գլուխներ», Թեոդոր Ժերիկո, 1818 թ.
«Կտրված գլուխներ» կտավի հեղինակն է ֆրանսիացի նկարիչ Թեոդոր Ժերիկոն, ով իր ստեղծագործության մեջ անկենդան գլուխներն այնպես է պատկերել, որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք դեռ ողջ են։ Այս ամենը կտավին ողբերգական, բայց և միևնույն ժամանակ երգիծական տրամադրություն է հաղորդում։