«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը «Հացթուխի կինը» հատուկ սիրիահայերի համար բեմադրել է արևմտահայերենով

21:07 • 29.10.12

Հայաստանում գտնվող սիրիահայերին օգնելու և բարոյական աջակցություն ցուցաբերելու համար, երեկ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում ներկայացվեց Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսը` Ալբերտ Մկրտչյանի բեմադրությամբ: Ներկայացումը հանդիսատեսին ներկայացվել է արևմտահայերենով:

«Ժամանակին պիեսը հենց արևմտահայերենով Մհեր Մկրտչյանին տվել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը: Ներկայացումը բեմադրվել է Մհեր Մկրտչյանի կողմից: Նա խաղում էր հենց հացթուխի դերը: Այն դարձավ Ֆրունզիկի վերջին ներկայացումը: 2005-ին Ֆրունզիկի ծննդյան 75 ամյակի շրջանակներում ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը վերականգնվեց ներկայացումը՝ վերափոխելով այն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը:

Նա նշեց, որ Ալբերտ Մկրտչյանը ներկայացումը այնպես է բեմադրել, որ հանդիսատեսը հատված առ հատված Մհեր Մկրտչյանի խաղն է տեսնում էկրանին: Արևմտահայերենով է ոչ միայն Ֆրունզիկի խոսքը, այլ նաև ողջ ներկայացումը:
Էդգար Բադալյանը տեղեկացրեց, որ սիրիահայերի համար ներկայացումը բեմադրվել է միայն բարեգործական տոմսերով:

«Մենք ուզեցինք մի մասը դառնալ այն բարեգործությունների, որ արվում է մեր սիրիահայերի համար: Դիմեցինք Սփյուռքի նախարարությանը՝ նրանց հոգևոր օգնություն ցույց տալու համար»,-ասաց նա:

Էդգար Բադալյանը նշեց, նման նախաձեռնություն գուցե նորից իրականացնեն. դժվարը առաջինն էր:

«Առաջինի արդյունքը տեսանք, բավականին արձագանքներ ստացանք և՛ նախարարության, և՛ հանդիսատեսի կողմից: Նույն ներկայացումը՝ «Հացթուխի կինը» տարիներ առաջ բեմադրել ենք նաև Հալեպում: Հանդիսատեսի մի մասը այն արդեն տեսել էր իրենց քաղաքում, բայց երեկ շատերը ներկայացումից հետո, թե թեև երկրորդ անգամ էին դիտում, բայց ասացին, որ կրկին բավականություն ստացան»,-ասաց նա և նշեց, որ դահլիճի մոտ 70%-ը լի էր հանդիսատեսով: