Հայաստանում «Հելոուինի» տոնը նշվում է հայավարի. տոնի մասնակից
Անցյալում երկար տարիներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Թադևոս Պասկևիչյանը, ով այսօր ապրում է Հայաստանում, Tert.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես էին իրենք «Հելոուինի» տոնը նշում ԱՄՆ-ում:
«Մենք այդ օրը կերպարանափոխվում էինք տարբեր հերոսների ու ուշ երեկոյան գնում տարբեր մարդկանց տուն, թակում դուռը ու գոչում՝ trich or treat (խարդախություն կամ հյուրասիրություն): Նրանք տալիս էին մեզ կոնֆետներ, և մենք ուրախ-ուրախ գնում էինք տուն: Ամեն տարի տարբեր կերպարներով էինք հանդես գալիս»,- ասաց նա:
Հայաստան վերադառնալուց հետո Թադևոս Պասկևիչյանը վերջին տարիներին սկսել է մասնակցել նաև Հայաստանում անցկացվող «Հելոուին Party»-ներին։ Ըստ նրա, դրանք նշվում են հայավարի:
«Հիմա ավելի շատ նշվում է խմելու, պարելու և ուրախանալու համար: Քաղաքի շատ ակումբներում են կազմակերպվում «Հելոուին Party»-ներ ու դրանց մասնակիցները պետք է ներկայանան տարբեր զգեստներով: Բոլորն էլ զանազան հանդերձանքով են հանդես գալիս, բայց անգամ չեն էլ հասկանում, թե դա ինչ տոն է, ինչպիսի մթնոլորտում պետք է անցկացվի: Ընդհանրապես չեմ էլ հասկանում, թե ինչու Հայաստանում սկսեցին այն տոնել»,- ասաց նա:
Տոնի «փարթիների» մեկ այլ մասնակից՝ Գայանեն, ով ընկերներ ունի Ամերիկայում և լավատեղյակ է տոնի կազմակերպումից, նշեց, որ Հայաստանում հիմնականում տոնի մասնակիցները նախընտրում են հանդես գալ չար կերպարների տեսքով: Ըստ նրա, իրականում, ամեն մարդ հագնում է այնպիսի հանդերձանք, որը ինչ-որ տեղ է մոտ է իր ներքինին:
«Տոնը ենթադրում է, որ տվյալ կերպարանքը ընդունելիս, այդ երեկո պետք է քո կեցվածքով համապատասխանես դրան: Բայց հայկական ակումբներում դա բացակայում. բոլորը միանման պարում են, խմում ու ուրախանում: Ոչ մի յուրահատուկ բան, բացի այն, որ բոլորը անսովոր զգեստներով են»,- ասաց նա և ավելացրեց, որ քիչ չեն նաև այնպիսինները, որ գալիս են տոնին սովորական առօրյա զգեստներով:
Հայաստան մուտք գործած ամերիկյան այս տոնի մասին Tert.am-ը զրուցեց նաև ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանի հետ, ով նշեց, որ «Հելոուինի» տոնը ինչ-որ նմանություն ունի հայկական Բարեկենդանի հետ, բայց միաժամանակ սխալ համարեց իրար հետ ինչ-որ զուգահեռներ անցկացնելը:
«Բարեկենդանը խրախճանքի տոն է: Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանում, իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող կիրակին է: Հայկական Բարեկենդանը շարժական տոն է, իսկ «Հելուինը»՝ ոչ: Հենց այդ դիմակավորումը, աշխույժ մթնոլորտն ու իրավիճակն է ավելի շատ նմանվոմ բարեկենդանյան տոնակատարություններին»,- ասաց Արմենուհի Ստեփանյանը:
Հարցին, թե, ըստ նրա, ինչո՞ւ է ամերիկյան տոնը մտել մեր հասարակություն և վերջին տարիներին նման մեծ շուքով տոնվում, ազգագրագետը պատասխանեց. «Մենք դրա ավանդույթները չունենք: Տասը տարին շատ է ասելու համար, որ Հայաստանում սկսել են տոնել: Այսօր, իրականում, բաց տեղեկատվության այս դարաշրջանում ոչ մի մշակութային իրադարձություն չի մնում երկրի սահմաններում: Եթե սկսենք ավելի շատ խոսել ու գրել մեր Բարեկենդանի մասին, ապա նման ոգևորությամբ կտոնենք նաև մերը»,- ասաց նա և հիշեցրեց, որ Սովետական Միությունից հետո հայ հասարակությանը քիչ բան էր հայտնի Սուրբ Սարգսի տոնի մասին, և մարդիկ նշում էին Վալենտինի տոնը: Այսօր, իմանալով համարժեք հայկական տոնի մասին, Սուրբ Սարգիսը պակաս չի նշվում:
Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ԱՄՆ-ում և Եվրոպայում նշվում է «Հելոուինի» տոնը: Ամերիկացիներն այն նաև անվանում են «Դդումի տոն»: Դդումը «Հելոուինի» չար ուժերի գլխավոր հատկանիշն է: Այս օրը նրանք դդումից տարբեր կերակրատեսակներ են պատրաստում ու համտեսում: Բացի կերակուրներ պատրաստելուց, դդումների վրա փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն: Արևմուտքում այս օրը փոքրիկները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում:










