Արտաշատ մայրաքաղաքի տաճարն ու կից կառույցները մոնումենտալ կառույցներ են. ինստիտուտի տնօրեն
Այս տարվա ընթացքում պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակներում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի 37 թեմատիկ դաշտային գիտահետազոտական աշխատանքների թվում են՝ հնագիտական և բնագիտական արշավախմբերի և ազգագրական–հավաքչական գիտարշավների կազմակերպումն ու Արտաշատի պեղումները: Տվյալները Tert.am-ին փոխանցեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նշենք, որ Արտաշատում պեղումներն իրականացվում են արդեն տասներորդ տարին, և այս պահին արդեն «բացված են» Արտաշատի տաճարի հիմքերն ու կից կառույցը՝ խճանկարով հասարակական բաղնիքը: Գիտնականները ենթադրում են, որ տաճարը կառուցվել է Արտաշես թագավորի օրոք:
«Բոլորը մոնումենտալ կառույցներ են. և ՛ հիմքեր ենք բացել, և՛ պատեր: Արտաշատ մայրաքաղաքին վայել շինություններ են՝ մ.թ.ա. 2-րդ դարից սկսված մինչև մեր թվարկության 3-4-րդ դարերը: Բավական ընդարձակ տարածք ենք բացել»,- մեկնաբանեց հնագետը:
Ինստիտուտի գիտնականները ուսումնասիրում են նաև մ.թ.ա. 7 –րդ հազարամյակի վերջ- 6-րդ հազարամյակի սկիզբ ժամանակահատվածին առնչվող հնավայրեր՝ Հայկական լեռնաշխարհում վաղ երկրագործական հասարակությունների թողած հետքերը բացահայտելու համար:
Դրանցից Պավել Ասատրյանն առանձնացրեց Էջմիածնի մերձակա Ակնաշեն և Երևանի մերձակա Մասիս բլուր հնավայրերը:
Նշենք, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբերը պեղումներ են անում Հայկական լեռնաշխարհի բնակեցման վաղագույն՝ քարեդարյան, հուշարձաններից մինչև ուշ միջնադարյան հուշարձաններ:
Ինստիտուտի արշավախմբերը պեղումներ են իրականացնում նաև հայոց հնագույն ՝ Արմավիր, Երվանդաշատ, Դվին մայրաքաղաքների տարածքում:
Լուսանկարը՝ ankakh.com-ի










