Յուրօրինակ ծրագիր՝ «Վերադարձի» դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակմանը. կհնչի նաև ջազ

15:25 • 30.10.12

Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, կնվիրվի Ամալյա Բայբուրթյանի ծննդյան 85-ամյակին:
Ծրագրում են Բեթհովեն, Ռախմանինով, Շոպեն, Լիստ, Մոցարտ, Ռավել, Կորեա: Համերգի ընթացքում ելույթ կունենան Իսրայելում բնակվող աշխարհահռչակ դաշնակահարներ Վահագն Պապյանը և Բորիս Գիլտբուրգը` Գևորգ Հարությունյանի նվագակցությամբ (հարվածային գործքիներ):


Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց փառատոնի հիմնադիրներից «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը՝ փառատոնը տարեցտարի ավելի ու ավելի է կայանում: Ըստ նրա, դրա մասին են խոսում վեցերորդ փառատոնի ընթացքում ներկայացված համերգների լեփ-լեցուն դահլիճներն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունը: Մարիամ Շահինյանը տեղեկացրեց, որ յուրօրինակ համերգային ծրագիր է նախատեսվում:

 

Իսկ յուրօրինակ համերգային ծրագրի փակագծերը բացեց աշխարհահռչակ դաշնակահար Վահագն Պապյանը. «Բավականին հատուկ ֆորմատ ունի, առաջին բաժնում յուրաքանչյուրս ելույթ կունենանք որպես մենակատար, իսկ երկրորդ բաժնում կներկայացնենք երկու դաշնամուրով դուետ: Բացի այդ, այս անգամ իրականացրել ենք մեր վաղեմի մտահղացումը՝ անցկացնել երկու զուգահեռ աշխարհ՝ դասական և ջազային կատարումներով: Մենք այս անգամ կատարելու ենք զուտ ջազային գործ»,- ասաց երաժիշտն ու ավելացրեց, որ ներկայացվելու է «Ֆանտազիա» Չ.Կորեայի թեմաներով, որն ըստ նրա՝ առաջին անգամ են կատարվելու:


Վահագն Պապյանը զգուշացրեց՝ իմպրովիզացիաների չսպասել, քանի որ իրենք դասական երաժիշտներ են: «Իմպրովիզացիաներ չեն լինելու, քանի որ մենք դասական բնագավառի երաժիշտներ ենք, բայց գրանցված իմպրովիզացիաներ կլինեն»,- տեղի տվեց նա:

 

Ասուլիսին ներկա Բորիս Գիլտբուրգը նշեց, որ առաջին անգամ է Երևանում, տպավորված է և շատ է ուզում դուր գալ հայ հանդիսատեսին:

 

Մարիամ Շահինյանը կարևորեց, որ հիմնադրման պահից փառատոնը գործում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչն ըստ նրա՝ շատ կարևոր է մասնակիցների համար: «Փառատոնի նախագիծը կդառնար միայն գաղափար և չէր դառան 6 տարեկան, եթե չլինեին այն բոլոր մարդիկ ու աջակիցները, որոնք մեր կողքին են եղել: Մասնակիցների համար կարևոր է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությունը, քանի որ, եթե կա պետական աջակցություն, ուրեմն նրանց կարիքը կա մեր երկրում»,-ասաց նա:


Նշենք, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին: