Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմում որևէ կրճատում չի եղել. թատրոնի ղեկավար

17:34 • 30.10.12

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմում անգամ մեկ կրճատում չի եղել, Tert.am-ի հետ զրույցում հավաստիացրեց թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը:


Վերջերս խոսակցություններ էին շրջանառվում, որ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով, ստեղծագործական կազմում կրճատումներ են իրականացվել, ինչպես նաև իջեցվել է աշխատակիցների մի մասի աշխատավարձը:


«Այդ ամենը հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը: Բացարձակ, ոչ մի հոգի չի կրճատվել»,- ասաց նա:


Անդրադառնալով իջեցված աշխատավարձերին՝ Կամո Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր ընթացող շինարարության ժամանակ ստիպված են գնալ հարկադիր պարապուրդի։ «Համապատասխան օրենքով հարկադիր պարապուրդի ժամանակ մարդը ստանում է իր աշխատավարձի 2/3-ը: Բայց եթե որևէ մեկի աշխատավարձի 2/3-րդը ցածր է նվազագույն աշխատավարձից, ապա նա դրանից ցածր չի ստանա»,- ասաց Կամո Հովհաննիսյանը:


Թատրոնի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ընթացող շինարարության պատճառով ստեղծագործական մեծ կազմը բաժանվել է խմբերի և տարբեր հաստատություններում է փորձեր անում: Նա նաև նշեց, որ տրամադրված տարածքների համար վարձավճար չեն տալիս: «Ընդամենը 2 ամսից մենք արդեն կարող են փորձերն իրականացնել մեզ մոտ՝ թատրոնում: Շինարարությունը մեզ չի խանգարի»,- ասաց Կամո Հովհաննիսյանը: