Ազգային գրադարանի օրինակով «վերանորոգվել է» Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի շինարարությունը, որը սկսվել էր 2011թ. մայիսից, և բյուջեով հատկացվել է 140 մլն դրամ, ավարտվել է, բայց ինչպես թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն է գնահատում աշխատանքերը, գրեթե «նույն բարբարոսությունն» է արվել, ինչ Ազգային գրադարանի դեպքում էր:
«Մոտավորապես նույն բարբարոսությունը մեր մոտ արեցին, ինչ Ազգային գրադարանում էր, այն տարբերությամբ, որ ես ինքս գիշեր-ցերեկ գլխներին կանգնած էի և չթողեցի այդ աստիճանի հասներ: Հիմա էլ ծառայությունների միջոցով ձեռքներս ընկած կոպեկը նպատակաուղղում ենք, «հիմնանորոգումների» վերացմանը»,- Tert.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց տնօրենը:
Ըստ նրա, մրցույթը շահած ընկերությունը բոլոր աշխատանքները տրված ծավալաթերթի համաձայն արել են, բայց միայն տիրոջը ցույց տալու համար: «Կոպիտ ասած՝ պլանը կատարել են, իրենց տիրոջը ցույց են տվել ու գնացել»,- ասաց նա և մանրամասնեց. «Հատակը քանդեցին ու մանրահատակի փոխարեն անունը դրել էին պրեսգրանիտ, բայց ինչ-որ կասկածելի բարակության կերամիկական ծածկով փակեցին, որն ինձ հիշեցնում է մետլախ կամ կաֆել, իսկ իրենք դա համարում են իրենց ասած պրես գրանիտը»:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 20-ին էլ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել Հանրային գրադարանի վերանորոգման ժամանակ։ Մասնավորապես, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղղակի խայտառակություն որակեց Հանրային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների վիճակը՝ նշելով, որ պետական բյուջեից 700 մլն դրամ հատկացումների դեպքում աշխատանքները ոչ միայն ավարտված չեն, դեռ պարզվում է, որ պետությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի։ Մի քանի օր անց նշվածի կապակցությամբ քրեական գործ հարուցվեց։
Կարո Վարդանյանը ցանկը շարունակեց և նշեց, որ նույնը վերաբերում է պատերին ու դռներին: «Դռներն ու լուսամուտները, ճիշտ է, 40-50 տարվա էին, բայց գոնե փայտից էին, այդ ամենը հանեցին վերացրեցին ու որպես աղբ տարան, ու փոխարենը ամենաէժանագին եվրոդուռ լուսամուտներն են դրել, որ առաջին գործածության ժամանակ սկսեցին բոլոր փականները կոտրվել, կամ բանալիները լռվեցին մեջը, մենք օրական ինչով էլ զբաղվելիս լինենք 2-ից 3 փական փոխում ենք»,- ասաց նա:
Թերությունների շարքում ըստ Կարո Վարդանյանի՝ նաև ցուցասրահներն էին, որոնք չեն նորոգվել ինչպես կարգն է: «Գիպսակարդոնով բերեցին ամբողջը պարտակեցին, արդյունքում մակերես կորցրեցին, քանի որ գիպսակարդոնով 10 սմ կորցնում ես։ Դա դեռ ոչինչ, հիմա մրցույթ եմ հայտարարել ցուցադրությունը վերականգնելու համար, ոչ մի կազմակերպություն հանձն չի առնում, որովհետև ի՞նչ կարաս անես գիպսակարդոնի վրա։ Ոչ նկար կարաս կախես, ոչ էլ մի բան: Փաստի առաջ ենք կանգնել, հսկայական ծախս է արվել: Հիմա միջանկյալ բան պետք է մտածենք, արհեստական խորշեր ստանաք, պահարաններ դնենք, որ նյութը պահարաններով ցուցադրվի»,- ասաց նա:
Կարո Վարդանյանը հավատացնում է, որ ինքն այս ամենն ընթացքում փորձել է կանխել, բայց եթե որոշ դեպքերում դա հաջողվել է, շատ ժամանակ էլ արդյունք չի տվել: «Քանի որ պատվիրատուն մենք չենք, երբ որևէ բան ես ասում, իրենց պայմանագիրն են ցույց տալիս, ասում քաղշինն է պատվիրատուն, նա էլ թող գա ու ինչ ասելու ունի ասի: Այնուամենայնիվ, երբեմն թունդ վեճերի դեպքում հնարավոր էր լինում կանխել, ինչը, սակայն, մեզ չի գոհացնում»,- ասաց նա և եզրակացրեց, որ ամբողջ սխալը գալիս է մեխանիզմից:
«Հիմնանորոգման աշխատանքները վստահում են Քաղաքաշինության նախարարությանը, այդ նախարարությունը մրցույթ է հայտարարում չգիտեմ ինչպես, և ինչ-որ կազմակերպություն հաղթում է մրցույթը, գալիս են ու իրենց բարբարոսություններն անում՝ հաշվի չառնելով դպրոց է, թատրոն, թե թանգարան»,- ասաց նա:
Կարո Վարդանյանը նաև ասաց, որ արված աշխատանքը տեսնելով, երբ շինարարական կազմակերպությունից հետաքրքրվել է, թե ինչ աշխատանք են նախկինում տարել, պարզվել է, որ ինչ-որ գյուղում ջրագիծ են անցկացրել կամ նման մի բան:
«Այդպիսի սկզբունք չկա մշակված, որ այսինչն է միայն իրավունք տրվում այսպիսի պատասխանատու թանգարան նորոգելու, որի կեսը պահոցներ են ու անգին գանձեր»,- ասաց նա:
Թանգարանի տնօրենը նշում է, որ անորակ աշխատանքի պատճառը թերի նախագիծն է, որի պատճառով աշխատանքները սկսելիս վերանայվել է:
«Աշխատանքը սկսելիս տեսան, որ ողջ ծավալով աշխատանքները չեն կարող անել, վերանայվեց նախագիծը և շենքի մակերեսից մի զգալի մասը հանվեց, երկու ամբողջ ֆոնդ դուրս եկավ և ամբողջ նկուղային հարկը: Անկեղծ ասած, եթե իմանայի, այս աշխատանքի որակն այդպես կլիներ՝ ֆոնդերում ընդհանրապես թույլ չէի տա որևէ աշխատանք սկսեն, որովհետև մի բան է վարչական մասը, որը շպրտեցին ու գնացին, բայց մի բան է ֆոնդը նորոգելը»,- ասաց նա և բացատրեց, որ այդ ձեռագրերի անվտանգությունը նախ պետք է ապահովեին:
«Պատկերացրեք, այդ ամբողջ պարունակությունը, նախ պետք է տեղափոխես մեկ այլ տարածք, բայց դա էլ հարցը չի լուծում, քանի որ դարակաշարերը մնում են մինչև առաստաղ, իսկ, քանի որ գումար չէին նախատեսել, որ դարակաշարերը ապամոնտաժեն, այդ վիճակում մի կերպ փորձեցին պատ ու հատակ նորոգել: Բայց արդյունքում արեցին՝ տեսնելով հսկայական աշխատանքը և չնչին արդյունքը։ Մյուս երկու ֆոնդերի վերանորոգումից հրաժարվեցինք»,- ասաց նա:
Տնօրենը ավելի հստակ պատկերացնելու համար՝ նշեց, որ 3000 հսկա արկղ էր պատվիրել, որպեսզի 4 պահոցներից երկուսի թղթերը, ձեռագրերն անվնաս պահպանվեն, կնքվեն ու տեղափոխեն այլ սրահներ, իսկ դա, քանի որ ժամանակի մեծ կորուստ էր, պատճառ եղավ շինարարների հետ բախման, որոնք էլ իրենց հերթին պատճառաբանում էին, որ իրենց վրա դրված ժամանակի մեջ պետք է տեղավորվեն:
«Բայց ինձ համար Կոմիտասի կամ Թումանյանի մեկ թուղթն ու նամակը ավելի կարևոր էր, քան ամբողջ քաղաքաշինությունն իր հին ու նոր նախարարներով, բանվորներով և այլն։ Դրա համար էլ, նախընտրեցինք մյուս երկուսին չանցնել»,-ասաց նա:
Գումարը և կատարած աշխատանքը համարժեք են, թե ոչ, Կամո Վարդանյանը դժվարացավ պատասխանել: «Քանի որ շուկային այդքան էլ ծանոթ չեմ, որ իմանամ, մեկ քառակուսի մետր եվրոդուռը ինչ արժե, լուսամուտը ինչ արժե, այդ անորակ մետլախն ու կաֆելն ինչ արժեն և այլն, բայց, ըստ երևույթին, իրենց ստանձնած պարտավորություններն արել են»,- ասաց նա։
Կարո Վարդանյանը նաև բացատրեց, որ նախ նույն քաղշինը մեկ այլ պայմանագրով էլ վերահսկող էր նշանակել և բացի այդ, նրա խոսքով՝ պետական բյուջեով իրականացված նորոգումների շինարարության հետևից բոլոր պատկան մարմինները գալիս են ստուգելու՝ վերահսկիչ պալատ, վարչապետի վերահսկողական ծառայություն: «Կարծում եմ, որ ծավալաթերթով ստանձնած պարտավորությունները կատարել են, այլ բան է, թե դա թանգարանին նույնիսկ 10%-ով էլ չի գոհացնում»,- ասաց նա:
Կարո Վարդանյանը գտնում է, որ պետք է հատկացված գումարները տան տնօրինելու նույն թանգարանի տնօրեններին, որպեսզի իրենք կազմակերպեն մրցույթը: Այդ դեպքում ըստ նրա, կազմակերպությունը ընտրելիս կցուցաբերվի ավելի մեծ բծախնդրություն։
Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի










