Երևանի մշակույթի պետական քոլեջը կմիանա Թատերական ինստիտուտին

20:06 • 31.10.12

 Երևանի մշակույթի պետական քոլեջը և Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը համապատասխանաբար միացվելու են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային: Կառավարությունն իր այդ որոշման մասին կհայտնի վաղը կայանալիք նիստի ժամանակ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նման որոշման ընդունումը բացատրում է այն հանգամանքով, որ վերը հիշատակված քոլեջներում ուսուցանվում են այնպիսի մասնագիտություններ, որոնք գրեթե կրկնվում են համապատասխանաբար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսուցանվող մասնագիտությունների հետ: Տարբերությունը կրթական ծրագրերի մակարդակներն են:



«Միավորումը հնարավորություն կընձեռնի բարձրացնել քոլեջների գործունեության արդյունավետությունը և ուսանողներին դյուրին ձևով իրենց ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով` ապահովելով անձի շարունակական կրթությունը: Սույն որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները»,- հայտնել է Արմեն Աշոտյանը:



Քոլեջների իրա¬վունքներն ու պարտականություններն անցնում են համապատասխան բուհերին՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ:



Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի 2010թ. դեկտեմբերի 18-ի հրամանագրով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակության և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրով, համաձայն որի, նախատեսված է վերանայել մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա համակարգը` գոյություն ունեցող ուսումնական հաստատությունների թիվը նվազեցնելով առնվազն 10 %-ով: