Աշխարհում ամենաբարձր շենքը Ադրբեջանն է հավակնում կառուցել՝ ծախսելով 2 մլրդ ԱՄՆ դոլար

23:40 • 31.10.12

Աշխորհում ամենաբարձր շենքը կկառուցվի Ադրբեջանում և կկոչվի Azerbaijan Tower, այն կարժենա երկու միլիարդ ԱՄՆ դոլար, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով АРА-ին:
 

Azerbaijan Tower համալիրը բաղկացած կլինի 85-150 հարկանի 7 շինություններից, իսկ գլխավոր՝ 186 հարկանի աշտարակը 200 մետրով ավելի բարձր կլինի ներկայի ամենաբարձր՝ Դուբայի Burj Khalifa-ից և 50 մետրով ավելի բարձր՝ Kingdom Tower-ից, որը նախատեսվում է կառուցել Սաուդյան Արաբիայում, և կունենա 1 050 մետր բարձրություն:
 

Համալիրի ընդհանուր մակերեսը կլինի ավելի քան 1 մլն քառակուսի մետր, որտեղ կլինեն բնակելի հատվածներ, շքասենյակներ, հյուրանոցներ, ռեստորաններ, վաճառասրահներ և բիզնես կենտրոններ:
 

Շինարարությունը նախատեսվում է սկսել 2016-2017թթ.: Ավելի վաղ հաղորդվում էր, որ շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-2019թթ.:
 

Նախագծի աշխատանքները կնախապատրաստվեն օտարերկրյա ընկերությունների կողմից, և շինարարության իրականացումը ևս կվերահսկվի նրանց կողմից:
 

Նախագծը իրականացնող Avesta կոնցեռնի տնօրեն Հաջի Իբրահիմ Նեխրեմլին նշել է, որ «տվյալ պահին նախնական հանդիպումներ են տեղի ունենում Հոլանդիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Դուբայից ընկերությունների հետ»:
 

Աշխարհում ամենաբարձր շենքը պետք է կառուցվի Khazar Islands կոչվող կղզիախմբում, որը ևս պետք է կառուցվի Կասպից ծովում: Այն կունենա 8 կմ երկարություն և 3 կմ լայնք:
 

Ընդհանուր նախագծի ծախսերը գնահատվում են 100 մլրդ ԱՄՆ դոլար: Նախագծի հիմնական մասի իրականացման համար կպահանջվի 60 մլրդ դոլար, որի կեսը օտարերկրյա ներդրումներ պետք է լինեն, իսկ մյուս կեսը կապահովվի կառուցվող օբյեկտների վաճառքի հաշվին:


 

 

Azerbaijan-Tower-comparison