Բոլիվիան Շոն Պենին խնդրել է ՄԱԿ – ի դեսպանը դառնալ կոկայի հարցով

21:33 • 31.10.12

Հոլիվուդյան հայտնի դերասան Շոն Պենին Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը առաջարկել է ՄԱԿ-ում հանդես գալ կոկայի պաշտպանությամբ, որպես բնական խթանիչ միջոցի` տերևները ծամելու տարբերակով, հաղորդում է Associated Press-ը:


Բոլիվիայի նախագահը, ով հայտնի է իր լավ հարաբերություններով Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ, Շոն Պենին նաև խնդրել է Չիլիի իշխանություններին համոզել՝ Բոլիվիային վերադարձնել դեպի Խաղաղ օվկիանոս ելքը, որից զրկվել էր 19-րդ դարի վերջին տեղի ունեցած պատերազմի հետևանքով:
 

Եվս մեկ խնդրանքով Բոլիվիայի նախագահը աջակցություն է ակընկալում երկրի նախկին նախագահ Գոնսալո Սանչես դե Լոզադային ԱՄՆ-ից հայրենիք վերադարձնելու հարցում: Նրան մեղադրում են 2003թ. հակակառավարական ցույցերի ժամանակ մի քանի տասնյակ ցուցարարների սպանության մեջ, սակայն ԱՄՆ-ն հրաժարվում է հանձնել նախկին նախագահին:
 

Շոն Պենը այդ խնդրանքներին ի պատասխան միայն ասել է. «Ես Հաիթիի դեսպանն եմ»: Դերասանը նման կերպ ցանկացել է հասկացնել, որ նա միայն այդ՝ աղետից տուժած կղզի պետության բարի կամքի դեսպանն է, որին մեծապես աջակցել է 2010թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման հարցում:
 

Նախագահ Էվո Մորալեսը ակտիվորեն պայքարում է կոկայի օրինականացման համար, որը աճեցնում են տեղի հնդկացիները, որոնք Բոլիվիայի բնակչության մեծամասնությունն են կազմում: Նա բազմիցս հայտարարել է, որ բույսը անվնաս է, իսկ վատ համբավը գալիս է կոկաինի վաճառողներից, ովքեր այդ անվնաս տերևներից թմրանյութ կոկաին են ստանում: