Գեղարքունիքում բնակչի սառնարանից սիբիրախտի ախտանիշներով միս են գտել

20:39 • 31.10.12

Գեղարքունիքի մարզում սիբիրախտից մեկ գլուխ անասուն է սատկել, իսկ մեկ բնակչի սառնարանից էլ սիբիրախտի ախտանիշներով միս է գտնվել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում արդեն 4-րդ օրն է, ինչ սիբիրախտի դեմ կարանտին է հայտարարվել: Ըստ մարզպետի՝ համաճարակը «դեպի լավացում է» գնում:


«Իհարկե, կա վիրուսը, բայց դեպի լավացում է գնում, անասնագլխաքանակի սպանդ չկա: Եթե մասնագետների նշած հիվանդությունը լիներ, պետք է համատարած անկում գնար, բայց այս պահին, նման բան չկա»,-ասաց նա։


Մարզպետը, սակայն խոստովանեց, որ հատուկենտ դեպքեր լինում են: «Նախորդ օրը մեկ գլուխ սատկել է, բայց մեր կողմից վերահսկվում է»,-ասաց նա և ավելացրեց, որ սահմանված կարգով իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները, որոնց թիվն անցնում է 14 000-ը:


«Վերահսկողության ընթացքում միայն բնակիչներից մեկի խալադելնիկում հայտնաբերվել է միս, որում սիբիրախտի ախտանիշներ են գտնվել, Նորակերտ համայնքում, մնացածներում, ընդհանրապես անասնագլխաքանակի մոտ նման հիվանդություն չի հայտնաբերվել»,- ասաց նա:


Ռաֆիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ 37 քաղաքացիների մոտ ի հայտ էր եկել սիբիրախտի առաջին նախանշանները:
«Այս պահին 5 հոգի են գտնվում Մարտունու ինֆեկցիոն բաժանմունքում, մնացածը դուրս են գրվել: Հիվանդությունը արտաքին բնույթ է կրում, միայն մեկի մոտ կա սիբիրախտի ախտանիշի հստակ ապացույց, մնացածի մոտ կասկածելի է, որոնք բժիշկների կողմից դրական գնահատական է տրվել: Ովքեր դիմել են հոսպիտալացվել են և առանձնացվել»,- ասաց նա:


Վարակի աղբյուրը մարզպետը հավատացնում է, որ Ադրբեջանից չէ: «Ծովակ համայնքից, Ադրբեջանին մոտիկ չէ, դիվերսիայի հնարավորությունն էլ ուղիղ բացառում եմ»,- ասաց նա:


Մարզպետը նշեց, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել. «Եվ այդ մասով կուսումնասիրվի և կտեղեկացվի»,- ասաց նա:


Ռաֆիկ Գրիգորյանը նաև նշեց, որ վնասի գնահատում չկա, քանի որ համաճարակի դեմ իրականացվող միջոցառումը դեռևս շարունակվում է: