Թուրքիայի նախագահն ու վարչապետը գժտվել են. Hurriyet

16:48 • 31.10.12

Թուրքիայի երկու գլխավոր պաշտոնյաների միջև նոր պառակտում է տեղի ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ Աբդուլլահ Գյուլին ասել էր, թե «երկգլխանի կառավարումից» Թուրքիային օգուտ չի լինի, գրում է թուրքական Hurriyet-ը:

 

Էրդողանը նման «նկատողություն» էր արել այն բանից հետո, երբ երեկ Գյուլն Անկարայի նահանգապետին կարգադրել էր հանդուրժող լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր ուզում են Թուրքիայի ազգային տոնը կառավարության նախատեսածից առանձին նշել, չնայած կառավարության արգելքին. հոկտեմբերի 29-ին 50 000 թուրքեր Անկարայում և այլուր փորձել էին առանձին երթեր կազմակերպել տոնի առիթով:

 

Նախագահի արտոնած այս «այլընտրանքի» առիթով վարչապետ Էրդողանը նկատել էր, թե «երկգլխանի կառավարումն այս երկիրը ոչ մի տեղ չի տանի»:

 

Էրդողանն ասել էր նաև, որ չի հավատում, թե նախագահը նման հրահանգ է տվել՝ նշելով. «Իմ պարտականությունները՝ որպես վարչապետի, հայտնի են, նմանապես նաև նախագահինը»:


Այսօր Գյուլը պատասխան է տվել Էրդողանի դիտարկմանը՝ ասելով. «Գոյություն չունի այնպիսի բան, ինչպիսին երկգլխանի կառավարումն է: Մեր սահմանադրությունը հստակորեն սահմանում է մեր բոլոր պարտավորություններն ու պարտականությունները: Ահա թե ինչու ես կարծում եմ, որ չպետք է թյուրըմբռնման տեղիք տանք»:

 

Աղբյուրի դիտարկմամբ, սակայն, «Գյուլ-Էրդողան պառակտումը» նոր չէ. Գյուլը վաղուց է քննադատում կառավարության մոտեցումները մարդու իրավունքների, ժողովրդավարացման գործընթացների և մի շարք այլ հարցերում: Գյուլը նաև դժգոհ է նախագահի պաշտոնավարման ժամկետից, որը մինչև 2007-ը 7 տարի էր, իսկ այժմ՝ 5: