Սերժ Սարգսյանը մասնակցել է հնագիտության թեմայով խորհրդակցությանը

17:29 • 31.10.12

Հայաստանում հնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու համար այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Հնագիտության նվաճումները. 2012թ» խորագրով խորհրդակցություն, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:


Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագահին ներկայացվեցին ներկայումս տարվող գիտական հետազոտությունների ուսումնասիրման ընթացքն ու առկա խնդիրները:


«Նախագահի կողմից եղավ հանձնարարություն Մշակույթի նախարարությանը՝ Կրթության և գիտության նախարարության հետ քննարկել առկա իրավիճակը, առաջ բերել այն կարևորագույն խնդիրները, որոնք պետք է լուծվեն»,– ասաց նա:


«Ունենք մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ գիտական ենթակառուցվածքների, պահուստների առկայության, լաբորատորիաների ստեղծման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման հետ կապված: Դրանց վերաբերյալ ևս հանձնարարականներ եղան: Կձևավորվի այն ծրագիրը, որը հատուկ օժանդակություն կստանա նախագահի կողմից»,- նշեց նա և ավելացրեց, որ այսօր իրականացվող մեծածավալ պեղումների շրջանում պահոցներ ունենալու անհրաժեշտություն է առաջացել:


Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, որ նախագահի կողմից հանձնարարական է տրվել որոշելու այն հնավայրերի գերակայությունը, ուր պետք է իրականացվեն ամրակայման աշխատանքներ՝ հնագիտական զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու համար:


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ ուրախալի է, որ, վերջապես, նախագահի ու ՀՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում են հայտնվել հնագիտության պահպանման խնդիրները:


«Էրեբունու խնդիրների լուծումը շատ կարևոր է, քանի որ այն Երևան քաղաքի օրրան է հանդիսանում: Այն թույլ կտա մեզ պատշաճ ներկայացնել մեր քաղաքը ոչ միայն մեր հասարակությանը, այլ նաև ամբողջ աշխարհին»,- ասաց նա և տեղեկացրեց, որ իրենք հավակնություն ունեն ստեղծելու ուրարտագիտության կենտրոն: