Վրաստանում անձրևները լվանում են միայն հայկական հուշարձանները, իսկ թռչունները՝ կտցահարում հայկական եկեղեցիների շաղախը
Վրացական քաղաքականության հետևանքով Վրաստանում գտնվող հայկական ճարտարապետամշակութային հուշարձաններն ու եկեղեցիները այնպիսի բարձիթողի վիճակում են, այնքան են քայքայվել, որ անձրևները լվանում են միայն հայկական հուշարձանները, թռչունները՝ կտցահարում մեր եկեղեցիների շաղախը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Վավերագրեր հայ ճարտարապետության» մատենաշարի հերթական գրքույկը, որը նվիրված է Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցուն:
«Մի դեպքում անձրև, մյուս դեպքում՝ հրդեհ: Էս էլ մի հետաքրքիր բան է: Ինչպես է պատահում, որ անձրևը քաղաքի համայնապատկերից միայն հայկական հուշարձաններն է հավաքում-տանում»,- շարունակեց հուշարձանագետը։
2003 թվականի ձմռան մի օր, Անանուրի նշանավոր վանքի հարևանությամբ գտնվող գյուղի բնակիչները գիշերը պայթեցման ձայն էին լսել, իսկ առավոտյան արթնանալով տեսել, որ վանքը չկա, փլուզված է:
Այս կապակցությամբ, Սամվել Կարապետյանին մի պատմաբան ամենայն լրջությամբ ասել է, որ կա թռչնի մի տեսակ, որը սնվում է կրաշաղախով և այնքան է կտցահարել, որ շենքը փլվել է: «Լուրջ մարդ է: Ինչպե՞ս են այդ թռչունները ընտրում. սա հայկական եկեղեցի է, համեղ կլինի..»,- ասաց հուշարձանագետը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում գտնվող Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցու ճակատային մասը այս տարվա մայիսին Վրաստանի մայրաքաղաքը հեղեղած անձևների պատճառով ամբողջապես քանդվել է:
Նախքան այդ` 2002-ին ինչպես ներկայացվեց պաշտոնական վարկածով՝ մի թափառաշրջիկ ռուսի անզգուշության պատճառով եկեղեցու ներսում հրդեհ էր բռնկվել, որը հազիվ կարողացել են հանգցնել ինը հրշեջ մեքենաների միջոցով:
Օգտագործված առատ ջրի ու բուսականության ավերիչ ներգործության պատճառով եկեղեցու վթարային գործոնն անշեղորեն մեծանում է: Բացի այդ, հրդեհի հետևանքով գրեթե լրիվ քայքայվել-թափվել են եկեղեցու ներքին մակերեսներն ամբողջությամբ պատած սվաղի շերտերը, որոնք մեծ մասամբ որմնանկարազարդ էին: Ջրի քայքայիչ ազդեցությունից նստվածքներ են առաջացել աղոթասրահի կենտրոնական հատվածում և թաղումներ պարունակող տապանաքարածածկ մակերեսին:
Աղբով լցված և շների ու թափառականների ապաստանավայրի վերածված եկեղեցին 2007 թվականին ստացել էր պատմական հուշարձանի կարգավիճակ, իսկ այժմ ներառված է այն վեց եկեղեցիների ցանկում, որոնք վիրահայոց թեմը պահանջում է վերադարձնել իրեն՝ որպես հայկական:
«Հիմա շենքի ճակատային շքամուտքը վերականգնման ենթակա չէ, պետք է նոր աղյուսով, հին լուսանկարների, գծագրի համեմատ նոր շքամուտք արվի: Արդյոք կանե՞ն, կգնան այդ քայլին, չեմ իմանում : Ամեն դեպքում, եթե վերադարձվեց մեզ, գոնե մեր իմանալիքն է»,- ասաց հուշարձանագետը:
Սամվել Կարապետյանի խոսքով՝ հայկական հուշարձանների նկատմամբ այս քաղաքականությունը հետևողական է. կա վիրահայոց թեմի դեռևս 1924 թվականի մի հուշագրություն, որ՝ «Ես չեմ ասում՝ վրացական եկեղեցին էլ քանդեք, բայց եթե կրոնին եք դեմ, ինչու՞ եք միայն հայկականը քանդում»:










